Սեպտեմբերի 9–ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մեկամյակի շրջանակներում կայացավ նույն կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանի հեղինակային գրքի` «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ հեղինակը նշեց գրքի լույս ընծայման գաղափարի, ինչպես նաև գործնական անհրաժեշտության մասին: Իր խոսքում Հարությունյանը ընդգծեց, որ «Ցավի հոգեբանություն»-ը հայերենով առաջին ուսումնական ձեռնարկն է: Այն նախատեսված է մասնավորապես ապագա բժիշկների համար՝ միաժամանակ նշելով նաև, որ ցավն այն խնդիրներից է, որի մասին տեղեկատվությունը հետաքրքիր կլինի ցանկացած մարդու:
«Գիրքն ունի մի շարք առանձնահատկություններ՝ նախևառաջ այն, որ ցավի հիմնախնդիրը լուսաբանվում է համալիր մոտեցմամբ, ներկայացված են միաժամանակ ցավի և´ բժշկական, և´ հոգեբանական մոտեցումները, տրված են գործնական ցուցումներ ցավի ախտորոշման համար, ինչպես նաև կան ինքնաստուգման հարցեր և հոգեբանական թեստեր», - նշեց հեղինակը:
Գրքի կառուցվածքը և բովանդակությունը ներկայացնելուց հետո Հարությունյանը պատասխանեց միջոցառմանը ներկա ուսանողների և լրագրողների հարցերին և ընդունեց ջերմ շնորհավորանքներ:
«Արմեդիա» ՏՎԳ այն հարցին, թե որն է այս գրքի հիմնական նպատակը, Սոնա Հարությունյանը նշեց. «Գրքի հիմնական նպատակն է մասնավորապես ապագա բժիշկներին իրազեկ դարձնել ցավի հիմնախնդրին՝ հոգեբանական տեսանկյունից: Այս գիրքը համարում եմ մեծ ձեռքբերում իմ մասնագիտական գործունեության մեջ»: