«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Կովկասում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական գաղափարների ակտիվացումը հարևան Ադրբեջանում հող ստեղծեց այս երկրում ԻՊ-ի հաստատման համար: Վաղուց արդեն հայտնի է̦ որ հարյուրավոր ադրբեջանցիներ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում են Սիրիայում և Իրաքում:
Ադրբեջանցի լրագրողներից մեկի տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան 40 հազար ծայրահեղականներ կան, որոնց մի մասը կռվում է ԻՊ-ի շարքերում: Նշվում է, որ վերջին շրջանում որոշ ծայրահեղական կրոնական ուղղությունների քարոզիչներ հասցրել են հաստատվել Ադրբեջանում: Վերլուծաբանները գրում են, որ Ադրբեջանն ԻՊ-ի համար դարձել է նոր անդամներ մատակարարող ամենահուսալի երկրներից մեկը: Վերջին 3 տարիների ընթացքում Սիրիայում սպանված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 200-ը:
Իսկ հիմա տարածաշրջանում ԻՊ-ի ներգրավվածությունը նոր մակարդակի վրա է դրվում: Ադրբեջանում գործող իսլամիստներն իրենց հավատարմությունն են հայտնել ԻՊ-ին: «Ողջունում ենք ԻՊ-ի մեր եղբայրներին: Մեր հաջողություններն ու պարտություններն ընդհանուր են: Հենց այդ պատճառով էլ ես` «Արրան Ալ-Իսլամիայի» շեյխ Մուհամեդ Ալ-Ազերիս, մեր ջեմաաթի բոլոր անդամների անունից հնազանդության երդում եմ տալիս խալիֆ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին` միանալով Ալլահի թշնամիների դեմ ջիհադին», - ասվում է խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Նշենք, որ պաշտոնապես Ադրբեջանի իշխանություններն ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում դեռևս չեն հայտարարել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԻՊ-ի ամրապնդումն Ադրբեջանում տեղի է ունենում իշխանությունների անմիջական թողտվության պայմաններում` նշելով, որ Ալիևի վարչակազմի կարծիքով «Սիրիայում զգալի ռազմական փորձ հավաքած զինյալները դեռ պետք են լինելու Արցախի դեմ կռվելու համար»:
Հիշեցնենք, որ հունիսին «Իմարաթ Կովկաս» խմբավորումը ևս հավատարմության երդում տվեց ԻՊ-ին: Սա նշանակում է, որ «Իսլամական պետությունը» հետևողականորեն իրականացնում է Կովկասում ամրապնդվելու իր ծրագրերը, որոնք ուղղակիորեն սպառնում են տարածաշրջանի երկրների անվտանգությանն ու կայունությանը: