Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, մեծ իրադարձություն տեղի ունեցավ iPhone-ի սիրահարների համար ողջ աշխարհում: Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը վերջապես ներկայացրեց իր վերջին iPhone 6S և iPhone 6S + սմարթֆոնները: Այս նոր «S» շարքն ավանդաբար ներկայացնում է իր նախորդ iPhone-ների բարելավված տարբերակները (տվյալ դեպքում՝ iPhone 6-ի), և առանձնանում է իր ճնշման զգայուն 3D Touch տեխնոլոգիայով, որը ճանաչում է ձեռքի հպումը՝ կախված որքան նուրբ կամ ուժեղ եք սեղմում հեռախոսի էկրանին: Նոր iPhone-ներն ունեն 12 մեգապիքսել ֆոտոխցիկ և HD 4K բարձրորակ տեսախցիկ:
Ըստ USA Today-ի, այս նոր մոդելները հասանելի կլինեն արծաթագույն, ոսկեգույն, վարդագույն և մոխրագույն տարբերակներով՝ արժենալով 199 - 399 ԱՄՆ դոլար՝ 6S և 299-499 դոլար 6S + մոդելների համար:
Գաղտնիք չէ, որ Apple ընկերությունն ունի հավատարիմ և մոլեռանդ սպառողներ ամբողջ աշխարհում և հատկապես iPhone-ի սիրահարներ, ովքեր օգտվում են այս սմարթֆոնից սկսած 2007 թվականից, երբ դրա անդրանիկ սերունդն առաջին անգամ «լույս աշխարհ» եկավ և ընդհուպ մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ արդեն գործ ունենք վերջին դասի iPhone 6S և iPhone 6S +-ի հետ:
Այն զեկույցում, որ վերջերս ներկայացրել է The Strand Consulting հայտնի ամերիկյան կայքը, պարզ է դառնում, որ iPhone-ի երկրպագուների սերն ու նվիրվածությունն այս ապրանքատեսակի հանդեպ վեր է ածվել իսկական մոլուցքի: Հազարավոր սպառողներ կրակոտ կերպով պաշտպանում են սմարթֆոնը՝ չնայած դրա բազում թերություններին:
Մի շարք հոգեբաններ անգամ iPhone-ամոլությունը համեմատում են այսպես կոչված ստոկհոլմյան սինդրոմի: Դա հոգեբանական երևույթն է, երբ պատանդը համակրանք ու դրական զգացմունքներ է տածում իրեն առևանգողի հանդեպ, ինչը նշանակում է, որ հոգեբանները հասարակության մի ստվար զանգվածի փաստորեն համարում են «iPhone-ի գերիներ»:
Սա իհարկե խիստ վիճելի տեսակետ է, այնուամենայնիվ չենք կարող չհամաձայնել, որ այս գեղեցիկ հեռախոսն իր ֆանտաստիկ ինտերֆեյսի և տարատեսակ հնարավորությունների շնորհիվ շահել է միլիոնավոր օգտատերերի սրտերը, ովքեր անկախ ամեն ինչից շարունակում են պաշտպանել ապրանքանիշը և հետևել դրա բոլոր նորություններին: