Հանդիպում Արցախի եւ Բելգիայի խորհրդարանականների միջև

19:56     10 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության և Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջև:

Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում  բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձևաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերն՝ ինստիտուտների կատարելագործման և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:

Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարևորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:

Այնուհետև տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի և մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով:  

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

ԲԹ խորհրդարանական պատվիրակությանն Արցախում ուղեկցում է  Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը:


© armedia.am