Բիզնես սկսելը դժվար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Այս մասին Երևանում «Հարավային Կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները» գրքի շնորհադեսի ժամանակ նշել է ՀՀ -ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: «Բիզնես սկսելը քաջություն և խիզախություն է պահանջում: 2012 թվականի դրությամբ` Հայաստանում գոյություն ունեն 70 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, ինչը 2010 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի է: Սա վկայում է, որ Հայաստանում զարգանում է փոքր և միջին բիզնեսը: Նման բիզնեսների տերերը մեծահարուստներ չեն, և շատ մեծ ռիսկ է պահանջվում նման բան սկսելու համար, քանի որ ոչ մեկը վստահ չէ, թե 5 տարի հետո նրանց բիզնեսն ինչ ճակատագիր կունենա», - նշեց դեսպանը՝ հորդորելով Հայաստանի կառավարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Հարավային Կովկասում շվեյցարական համագործակության գրասենյակի գործունեության 15ամյակին ընդառաջ հրատարակված «Հարավային Կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները» գիրքն ամփոփում է տարբեր ձեռնարկատերերի հաջողության պատմությունները: Այն ամփոփում է Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից 12 տարբեր մարդկանց ձեռնարկած նախաձեռնությունների և հաջողության պատմությունները:
Գրքում ներկայացված են 4 հայ ձեռնարկատերերի հաջողության պատմությունները, նշել է հայ ձեռնարկատերերի մասին պատմող էսսեների հեղինակ Աննա Դավթյանը: «Նախ փորձել եմ խոսել նրանց հետ, հասկանալ նրանց արած, հետո գրել նրանց մասին: Գիրքն անգլերեն է, ես հայերեն եմ գրել, այնուհետև թարգմանվել է»,- նշել է գրքի հայերեն էսսների հեղինակը:
1999-ից Շվեյցարիան իր դեսպանատների և Շվեյցարական զարգացման ու համագործակցության գրասենյակի միջոցով աջակցում է տարածաշրջանի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացմանը։