Երևանի Բաղրամյան պողոտայից վաղ առավոտյան բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել, Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
Նախօրեին Երևանի «Ազատության» հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել, այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվել էին Բաղրամյան պողոտա, սկսել նստացույց փակելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը:
ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրել էր 6 ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00 Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար:
Ցուցարարները չէին կատարել ոստիկանների պահանջը և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ էր եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը:
Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Բերման էր ենթարկվել 48 ցուցարար: