Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքականության և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլտերին, ով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում բռնության էսկալացիան» վերնագրով զեկույց է պատրաստում:
ԵԽԽՎ տարածած հայտարարության համաձայն՝ Ուոլտերը սեպտեմբերի 15-16-ը կժամանի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Ադրբեջանի կողմից վերահսկվող կողմը՝ փաստերին ծանոթանալու նպատակով: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ սահմանի հակառակ կողմ՝ այսինքն՝ Արցախ, զեկուցողի այցը նախատեսված է մոտ ապագայում:
Սակայն «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը չհաստատեց այս հաղորդագրությունը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ով ցանկանում է հասկանալ Ղարաբաղյան հակամարտության էությունը և նպաստել դրա կարգավորմանը: Բայց երբ ինչ-որ մեկն, առավել ևս քաղաքական գործիչ, զեկույց է պատրաստում նման կարևոր կազմակերպությունների համար, ունենալով բացահայտ միակողմանի, ոչ օբյեկտիվ, հակահայկական մոտեցումներ, ապա կարող է այցելել Արցախ միայն որպես զբոսաշրջիկ: Զեկույցի թեմայով ոչ մի շփում կամ ընդունելություն չի կարող լինել», - նշել է Բաբայանը:
Նշենք, որ այս զեկույցը ԵԽԽվ-ի քաղաքական և ժողովրավարության հարցերի հանձնաժողովում ծրագրվում էր ներկայացնել սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ, սակայն, ինչպես իր ելույթում հայտարարել է Ուոլտերը, «հայկական կողմը խանգարում է զեկույցի պատրաստմանը, ինչի հետևանքով էլ սեպտեմբերի մեկին զեկույցի ներկայացումն անհնար է դարձել»:
Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն հրաժարվում են Ուոլտերի հետ համագործակցել, քանի որ զեկույցի անվանումը վերջիններիս համար անընդունելի է: Երևանում և Ստեփանակերտում բազմիցս հայտարարել են, որ ԵԽԽՎ զեկուցողի հետ պատրաստ են համագործակցել, եթե վերջինս փոխի զեկույցի անվանումը և ոճը, քանի որ անհնար է գրել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում բռնության էսկալացիայի» մասին՝ երբեք չլինելով ԼՂՀ-ում:
«Մենք վստահ ենք, որ այս զեկույցից խավիարի հոտ է գալիս, ընդ որում՝ բավականին վատ որակի»,- նշել է Բաբայանը՝ հավելելով, որ իրենք բազմիցս խնդրել են Ուոլտերին վերանայել տվյալ փաստաթղթի վերնագիրը և ոճը, որը պետք է լինի օբյեկտիվ: