Հունաստանի խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել

14:00     17 սեպտեմբերի, 2015

Կիրակի օրը տեղի ունենալիք Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքն ավելի անորոշ է, քան երբևէ: Երկրի երկու գերիշխող քաղաքական գործիչները բացառել են միմյանց հետ աշխատելու որևէ հնարավորություն և այդպիսով ավելի են բարդացրել չկողմնորոշված ​​ընտրողների գործը:

Ըստ Reuters գործակալության՝ Հունաստանի երկու խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդները` Ալեքսիս Ցիպրասն ու Վանգելիս Մեյմարակիսը վերջին հեռուստաբանավեճի ընթացքում միմյանց մեղադրանքներ են ներկայացրել ոչ կոմպետենտության և կոռուպցիայի վերաբերյալ, բայց ոչ մեկը նրանցից չի կարողացել հանդես գալ ժողովրդի առջև որպես բացարձակ հաղթող:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ SYRIZA-ի և «Նոր ժողովրդավարության» միջև ընտրողների տարբերությունը շատ փոքր է` յուրաքանչյուրը մոտ 26 տոկոս ձայն ունի, սակայն նաև կան մեծ թվով չկողմնորոշված ​​ընտրողներ, որոնց ձայներն էլ հենց կարող են վճռորոշ և շրջադարձային դառնալ:

Նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պահպանողականների հետ հնարավոր կոալիցիան անբնական է համարել` նկարագրելով «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը որպես հնաոճ քաղաքական համակարգի մի մասնիկ` վարկաբեկված կոռուպցիոն սկանդալների պատճառով:

«Մենք ունենք հիմնարար տարբերություններ և չենք կարող համագործակցել», - հայտնել է Ցիպրասը հունական Greek Reporter-ին:

Կոալիցիա կազմելուն դեմ է արտահայտվել նաև  «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, ում ղեկավարն, իր խոսքերով, խիստ հիասթաված է Ցիպրասից և չի պատրաստվում համագործակցել մի մարդու հետ, ում կառավարման 7 ամիսների ընթացքում փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ և անգործ մնացին հազարավոր հույներ:

Ցիպրասն էլ իր հերթին մեղադրել է Մեյմարակիսին կաշառակերության և Հունաստանի արտաքին պարտքի կուտակման մեջ:

Բացի այդ, Ցիպրասը վստահություն է հայտնել, որ Syriza կուսակցությունը կլինի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական քաղաքական ուժը:

«Ես վստահ եմ, որ Syriza-ն կդառնա թիվ մեկ կուսակցությունը սեպտեմբերի 20-ին: Այն դեպքում, եթե մենք հաղթելու լինենք բացարձակ մեծամասնությամբ, միևնույն է մեզ բազմաթիվ գործընկերներ պետք կգան: Մենք շատ շուտով արդյունավետ կառավարություն կունենանք», - հայտարարել է Ցիպրասը`Euronews–ին տված իր հարցազրույցում:

Հաշված օրեր են մնացել Հունաստանի խորհրդարանական ընտրություններին, և կողմերը պետք է ավելի ակտիվ ու համոզիչ լինեն իրենց նախընտրական արշավների ընթացքում, այդպիսով օգտակար լինելով չկողմորոշվող ու անվճռական հույն ժողովրդին իր ընտրության մեջ:


© armedia.am