Արդեն իսկ հայտնի դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման օրը: Տրամաբանական է, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է սահմաններին տեղի ունեցած վերջին սրացումների ու հրադադարի ռեժիմի խախտումների քանակի հարցը:
Ուշագրավ է, սակայն, որ բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ՝ առավել լայնորեն սկսել է շրջանառվել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահության ակտիվացման հանգամանքը: Այդ մասին խոսվում էր դեռևս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցի և օրերի տարբերությամբ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ֆոնին: Դրան գումարվեց նաև կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին Ադրբեջանի ԱԳ նախարարի արած հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանն ամրապնդել է այս հարցում իր դիվանագիտությունը, և կան համաձայնեցման ենթակա հարցեր:
ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերջին վատթարացման ֆոնին, որն արտացոլվեց Եվրախորհրդարանի բանաձևին ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ արձագանքով և Եվրոպայի հասցեին հնչած մեղադրանքներով, սա կարող է որոշակի ուղերձ լինել պաշտոնական Մոսկվային:
Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների սրացման այս փուլում զուգահեռաբար փորձում է ընդգծել և ընդլայնել իր դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների, ճգնաժամերի կարգավորման գործընթացներում: Սիրիական ճգնաժամը նման օրինակներից մեկն է: Չի բացառվում, որ ելնելով տարածաշրջանի կարևորությունից և իր ունեցած լծակներից՝ Ռուսաստանը փորձի ակտիվացնել իր դերակատարումը նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նման օրինակի ականատես եղանք նաև 2010-2011թթ., երբ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ կողմերը մոտ էին կարգավորման սկզբունքների ստորագրմանը:
Այս համատեքստում Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից և Արևմուտքին «պատժելու համար» որոշակի քողարկված աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար կամ, ինչպես ասում են, «առաջարկել իր ծառայությունները»: Սակայն Ռուսաստանն իր հերթին պետք է երաշխիքներ ունենա, որ չի կրկնվի Կազանի սցենարը, և հերթական տապալումը վնաս չի հասցնի իր հեղինակությանը: Ուստի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հնարավոր է որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերում՝ հիմնված փոխադարձ զիջումների վրա:
Որո՞նք են լինելու այդ զիջումները: Չի բացառվում թե՛ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ քննարկումների ակտուալիզացումը, թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակային հարցերում որոշ ելևէջների ու շեշտադրումների փոփոխությունը:
Ամեն դեպքում Կազանի օրինակը փաստել է, որ Ադրբեջանի տված խոստումները կարող են վերջին պահին փոփոխության ենթարկվել: Ուստի Ռուսաստանը պետք է առավել հետևողական լինի Բաքվի հետ տարվող աշխատանքում և կարողանա ճնշում գործադրելու միջոցով հասնել համապատասխան զիջումների, որոնք անհրաժեշտ են կարգավորման գործընթացն առաջ մղելու և կողմերի միջև վստահություն կառուցելու համար: Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ չնայած այժմյան շահերի թվացյալ համընկնմանը՝ ընդհանուր «թշնամին» դժվար թե կարողանա երկարաժամկետ միավորող գործոն լինել: