Չինաստանում հայերեն է դասավանդվում

09:18     17 սեպտեմբերի, 2015

Չինաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ, Չինահայերի ուսանողական միության նախագահ Մհեր Սահակյանը տեղեկացնում է, որ 2014թ. սեպտեմբեր ամսից Չինաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) նույն բուհի ասպիրանտ, Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի անդամ, Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր խորհրդի  անդամ Մերի Կնյազյանը դասավանդում է հայերեն լեզու: Հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Հայաստանում

Ինչպես նշեց հայերենի ուսուցչուհի Մերի Կնյազյանը.  «ՕԼՀ-ն Չինաստանի լեզվաբական լավագույն բուհերից է, և հայերենի դասավանդումը  կարևոր է այստեղ: Հայերենն ուսուցանում են համալսարանի 2-րդ և 3-րդ կուրսի 11 ուսանողներ՝ որպես երրորդ օտար լեզու: Ի զարմանս ինձ, լեզուն այնքան էլ դժվար չի տրվում չինացիներին: Նրանք հայերենի բարդ հնչյունները, ինչպես օրինակ՝ ձ, ծ, ց-ն, արտասանում են զարմանալիորեն սահուն: Լեզվի հետ միասին անցկացնում եմ նաև մշակութային դասեր, ինչն ավելի է մեծացնում լեզվի հադեպ հետաքրքրությունը: Դիտում ենք Հայաստանի մասին ֆիլմեր, լսում հայկական երաժշտություն»:

Չինաստանում Հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է լցվում, երբ տեսնում է երիտասարդ չինացիների, ովքեր մեծ հաճույքով սովորում են հայերեն, ուսումնասիրում հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես Չինաստանի հայերն են ուսումնասիրում չինարենն ու չինական մշակույթը: 

Հայերեն ուսումնասիրող 21-ամյա Խուան Ծիենյուն Գուանսի նահանգից. «Երբ իմացա, որ մեր համալսարանում արդեն կարող եմ սովորել հայերեն, անչափ ուրախացա և անմիջապես օգտվեցի առիթից: Հիմա հնարավորություն ունեմ էլ ավելի ծանոթանալու այդ հիասքանչ երկրի մշակույթին և անպայման մեկնելու եմ Հայաստան ճամփորդելու»: 

Չինաստանում Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ խորացնել հայ-չինական բարեկամական կապերը:

Չինահայ համայնքի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.chinahay.com կայքը: 


© armedia.am