Կարծես թե ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում նոր փուլ է սկսվում: Այն նշանավորվեց Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբեյալ բանաձևի ընդունմամբ: Վերջինս Ադրբեջանի անզուսպ պահվածքի նկատմամբ այսքան տարիների ընթացքում Եվրոպայի առաջին համարժեք արձագանքն էր: Հիմա այդքան էլ կարևոր չեն այդ բանաձևի ընդունման պատճառները, կարևորն այն է, որ այլև կայացած փաստ է: Սա Ադրբեջանի մոտ վերակագնեց իրականության զգացողությունը: Բանաձևն այնքան անսպասելի էր, որ ադրբեջանական իշխանություններն անմիջապես սկսեցին քայլեր ձեռնարկել, որոնք երկարաժամկետ հեռանկարում կունենան իրենց վատ հետևանքները երկրի համար: Այդ քայլերը կտրուկ փոփոխություն կարող են առաջացնել երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության համար:
Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձևին ի պատասխան ադրբեջանական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին բանաձև ընդունեց, որով դադարեցրեց իր անդամակցությունը «Եվրանեսթ» Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական վեհաժողովին, ինչպես նաև դադարեցրեց ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը: Ավելին, բանաձևում կառավարությանը կոչ է արվում վերանայել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի մասնակցությունը, ինչպես նաև արգելել ԵՄ կառույցների պաշտոնյաների և Եվրոխորհրդարանի անդամների մուտքը Ադրբեջան Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում:
Նշենք, որ Ադրբեջանին այսքան բարկացրած Եվրախորհրդարանի բանաձևում մտահոգություն էր արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հարգել որպես Եվրոպայի խորհրդի անդամ հանձնառած պարտավորությունները:
Եվրախորհրդարանի այս բանաձևն անդրադառում է նաև Հայաստանի համար շատ կարևոր հարցի: Մասնավորապես, բանաձևում ափոսանք է արտահայտվում «Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական գործողությունների համար, որոնք խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդ ակտիվիստների և մտավորականների միջև շփմանը, ինչը կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև երկարատև թշնամանքը հաղթահարելու համար»:
Այս մասին Հայաստանը խոսում է արդեն երկար տարիներ՝ առանց երկու հասարակությունների միջև վստահության, անհնար է խոսել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մասին: Սակայն, Ադրբեջանը միշտ էլ խոչընդոտել է հայկական կողմերի այդպիսի փորձերը՝ անընդհատ օգտագործելով իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ հրահրելու հայերի նկատմամբ ատելություն ադրբեջանական հասարակությունում: Լեյլա և Արիֆ Յունուսներն Ադրբեջանի նման քաղաքականության ցայտուն օրինակներն են: Նրանք ձերբակալվել են հայերի հետ կապ ունենալու համար, քանի որ խաղաղաշինական նախաձեռնություններով էին հանդես գալիս:
Այս բանաձևը ցույց է տալիս, որ Եվրոպայի համար միանգամայն ակնհայտ է, թե ովքեր են ապակայունացնում իրավիճակը Ղարաբաղյան հակամարտությունում: Թեև տեքստում նշված չէ բառացի, սակայն համատեքստը ցույց է տալիս, թե ով պատրաստ չի երկխոսության, կառուցողական քայլերի և ԼՂՀ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմաններին իրադրության կայունացման համար: Մնում է միայն հուսալ, որ նմանատիպ բանաձևերն Ադրբեջանին առնվազն սթափ կպահեն:
Նշենք, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունները, Ադրբեջանը կփորձի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները չվտանգվեն: