Հայ իրավաբանների միությունը կոչ է արել Թուրքիայում դադարեցնել հայերի հանդեպ ատելության սերմանումը

13:15     23 սեպտեմբերի, 2015

Սփյուռքահայ փաստաբանների Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում հայերի հանդեպ  ատելություն սերմանող հայտարարություններն ու «Արմեն» որբանոցի նկատմամբ հարձակումները։ 

«Ակօսը»-ի փոխանցմամբ՝ այդ առիթով միության ներկայացուցիչները նամակ են հրապարակել: Արտերկրում Թուրքիայի դեսպանատներ ու հյուպատոսարաններ ուղարկված նամակում նրանք կոչ են անում խստորեն դատապարտել նման երևույթները։ 

Միությունը նամակներ է ուղարկել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հունաստանում, Իսպանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Կոլումբիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խնդրելով հայերի հանդեպ սադրանքների դրդողներին զսպող կոչով հանդես գալ:

Միության ղեկավար Հարի Տիգրանյանի հեղինակած նամակում խոսվում է «Արմեն» որբանոցի ապամոնտաժման դեմ պայքարողների հանդեպ իրականացված երկու հարձակումների, Ջիզրեի ոստիկանության՝ բարձրախոսով հնչեցրած կոչի, որում բոլորին «հայ լինելու» համար էին մեղադրում։


© armedia.am