Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ալիլուն լրագրողներին հայտնել է Իրանի՝ Հայաստանից ու Վրաստանից նավթի ու գազի դիմաց ջուր գնելու մտադրության մասին:
Իրանի պատգամավորի խոսքերով ջուրն այդ երկրին պետք է Ուրմիա լճի վերականգնման համար: Գիտնականներն արդեն հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար Հայաստանից ու Վրաստանից ջրի մատակարարման հնարավորությունը:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, հարցը հայկական ու վրացական խորհրդարանների նախագահների կողմից դեռ քննվում է:
Չնայած խոսակցությունները դեռ չափազանց մակերեսային մակարդակում են, այնուամենայնիվ խնդրին բացարձակ ուշադրություն չդարձնելն էլ սխալ է, հատկապես, որ ծրագրի հաջողելու դեպքում մենք կդառնանք Իրանի համար այդքան քննարկված տրանզիտ-երկիրը: Նշենք, որ մամուլում, ընդ որում՝ ոչ միայն հայակական, տարածվել են հաղորդագրություններ, թե իրանցի պատգամավորի խոսքը վերաբերում է Սևանա լճի ավազանին: Միանգամից նկատենք, որ հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ ջրերի մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է նախագծին առհասարակ: Գաղտնիք չէ, որ Իրան-Ռուսաստան համագործակցության հետ կապված քննարկումներն այսօր ակտիվ փուլում են: Ռուսաստանն ամեն ինչ անում է Իրանի հետ համագործակցության նոր խողովակներ հաստատելու համար: Դրա դրդապատճառներից կարող է լինել այն, որ ՌԴ հարաբերությունները հիմա սրացել են Արևմուտքի հետ, հետևաբար այլընտրանքային գործընկերոջ, այս դեպքում Իրանի հետ հարաբերությունների խորացումը Ռուսաստանի համար անհրաժեշտություն է: Մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Իրանը համաշխարհային շուկա նորից մուտք գործելով, փաստորեն Եվրոպային գազ մատակարարող մրցակից է դառնում Ռուսաստանին: Ուստի նոր ավելի խորացված հարաբերություններն այդ երկրի հետ Ռուսաստանի համար կարող են ծառայել՝ որպես յուրահատուկ զսպողակ: Իրանն իր հերթին զգում է իր կարևորությունը ՌԴ-ի համար և առաջարկում է ՌԴ-ի հետ գործընկերային այնպիսի համաձայնագրերի կնքում, որոնք շատ հարկավոր են միջազգային շուկա մուտք գործող երկրի համար: Այդպիսիք են ռազմական ոլորտի համաձայնագրերը կապված ռուսական զենքի ձեռք բերման ու համատեղ զորավարժությունների անցկացման հետ: Այդպիսի համագործակցության առաջարկ է Իրան-Ռուսաստան նավթի բարտերային փոխանակությունը, ինչի մասին բանակցություններ երկու երկրերի համապատռասխան գերատեսչությունների միջև ընթանում են: Փոխարենն Իրանն ՌԴ-ի ներգրավել էլեկտրաէներգիայի ոլորտ ՋԷԿ-երի կառուցման տեսքով: Դե իսկ Ռուսաստանին դա շահավետ կլինի իրանական գազի՝ Եվրոպա մուտքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու տեսանկյունից:
Այստեղ արդեն հետզհետե նշմարվում է Հայաստանից ու Վրաստանից Իրանի կողմից ջուր գնելու հավանական դրդապատճառները, որոնք հաղորդագրության մեջ նշվում են որպես միայն Ուրմիա լիճը վերականգնելու նպատակ, մինչդեռ կարող է հետապնդել նաև ՋԷԿ-եր գործարկելու առայժմ թաքնված նպատակը: Կոռեկտ և նաև տրամաբանական չի լինի ասելը, որ Ուրմիայի խնդիրն իրականում չկա և հայկական ու վրացական ջուրը պիտի ուղղորդվի սպասվելիք ՋԷԿ-երի գործարկմանը, բայց հետևություն անել, որ Ուրմիայի վերականգնում չի արվում սեփական ռեսուրսների հաշվին հատուկ նպատակով, հնարավոր է:
Իսկ թե ինչով է պայմանավորված ջրի փոխարեն նավթի ու գազի տրամադրումը, կարելի է կռահել, որ սա հենց այն բարտերի իրականացումն է, որի մասին վերոնշյալում խոսվեց:
Մնում է միայն հավելել, որ այս պարագայում հայկական կողմի շահը շարունակում է մնալ այլընտրանքային էնէրգակրի ներմուծումն, անկախ այն բանից՝ առաջիկայում այն կօգտագործվի՞ հայ սպառողի կողմից, թե ՝ոչ: Իսկ խնդիրը, որ ջուրը կտարվի Սևանի ավազանից անտրամաբանական է, քանի որ Հայաստանը Սևանից բացի ունի ունի 9480 գետեր, 100-ից ավել լճեր, ինչպես նաև 4.017 միլիարդ մ3 ստորգետնյա ջրեր: