Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՀ կողմից այս տարվա սկզբին ՀՀ տնտեսության համար կանխատեսած տնտեսական աճի փոփոխության մասին: Մասնավորապես ընթացիկ տարվա ապրիլ ամսին հայտարարած շուրջ մեկ տոկոս աճի փոխարեն ԱՄՀ սեպտեմբերի վերջին այս տարվա համար կանխատեսել է 2.5% իսկ հաջորդ տարվա համար՝ 2.2% տնտեսական աճ:
ԱՄՀ կողմից կանխատեսումների նմանօրինակ փոփոխությունը տրամաբանական է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական առատ տարին, ինչն ավելի պակաս կանխատեսելի էր ապրիլին: Ի դեպ, հենց Հորթոնն ինքն է ասել, որ ՀՀ տնտեսության աճն այս տարի պայմանվորված է «միանվագ գործոններով»՝դրանց ներքո ի նկատի ունենալով գյուղատնտեսական տարին ու նոր պնձի հանքի բացումը: Ու քանի որ, ըստ Հորթոնի, այդ միանվագ գործոնների լինել-չլինելը հաջորդ տարվա համար կանխատեսելի չէ, հաջորդ տարվա տնտեսական աճը Հայաստանի համար կանխատեսվում է փոքր-ինչ ցածր մակարդակում՝ 2.2%:
Պետք է նշել, որ Հորթոնի ուշադրության կենտրոնում եղել է ոչ միայն տնտեսական աճը: ԱՄՀ աշխատակիցը նշել է նաև, որ առաջիկա տարիներին ՀՀ բյուջեի դեֆիցիտը ևս կմնա ցածր մակարդակում: Այսպես, եթե այն մի քանի տարի առաջ կազմում էր շուրջ 8% (2009թ.՝ 7.7%), ապա 2014 թվականին՝ միայն 2%: Հավելենք նաև, որ Հորթոնի՝ երևանյան այցելության հայտարարությունների փաթեթում տեղ էր գտել նաև հայկական դրամը: Մասնավորապես նա նշել է, որ մինչև տարեվերջ հայկական դրամի վրա ոչ մի ճնշում չի լինի: Խոսքն այստեղ ԿԲ կողմից սպասվող ինտերվենցիաների բացակայության մասին է, բացառությամբ տատանումները կարգավորելու համար արված որոշ շտկումները: Հորթոնի խոսքերով, գազի՝ ռուբլով ձեռք բերելու պարագայում, հայկական դրամն է՛լ ավելի կամրապնդվի դոլարի նկատմամբ:
Եթե փորձենք ամփոփել, ապա ստացվում է, որ երկրի մակրոտնտեսական երեք խոշորագույն ցուցանիշներ՝ ֆիսկալ, բյուջետային և համախառն տնտեսական, ԱՄՀ կողմից բավական դրական ֆոնի ներքո են դիտվում: Օբյեկտիվության տարրը մեծ է. այս տարի մենք ունեցանք աննախադեպ առատ բերքի տարի, զգալիորեն աճեց Հայաստան այցելուների թիվը՝ կապված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ, որոնք շարունակվում են առ այսօր և Համահայկական խաղերի հետ։ Վերջիններիս հաջորդող առաջին զեկույցներում, որոնք համընկեցին առաջին կիսամյակի ավարտին, արդեն երևաց տնտեսական աշխուժություն՝ արտահանման ծավալների աճի ու ծառայությունների ոլորտի սպասարկման աճի մասով: Այսինքն սրանք հանդիսանում են հենց այն միանվագ գործոնները, որոնք, ըստ Հորթոնի խոսքերի, կային այս տարի և հայտնի չէ՝ կլինե՞ն հաջորդ տարի, թե՞՝ ոչ: Բայց դրանց առկայության պարագայում տնտեսական 2.5%- անոց աճի ու չլինելու պարագայում (2016թ. Համար կանխատեսված) 2.2%-անոց աճի միջև թվային տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Մինչդեռ պետք է մեծ լիներ: Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՀ-ի՝ Հայաստանը դրական ֆոնով կայուն տնտեսություն ցուցադրելու ակնհայտ ձգտումը:
Չի բացառվում, որ արևմտյան այդ կառույցն այս կերպ ազդակներ է հաղորդում իր տնտեսական հանրությանը՝ դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Սա նշանակում է, որ չնայած Հորթոնի ասուլիսն առաջին հայացքից ուռճացրած վիճակագրություն է հիշեցնում, ուրախանալու բավական լուրջ հիմքեր կան: Ինչ նկապատակ էլ, որ ունենա ԱՄՀ, սա շատ ծանրակշիռ հայտարարություն է միջազգային ներդրողներին ներգրավելու իմաստով: