ՆԱՏՕ-ն օգնություն է առաջարկել ՄԱԿ-ին

10:16     29 սեպտեմբերի, 2015

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խաղաղապահների նախապատրաստման և խաղաղարար գործողությունների անցկացման գործում օգնություն է առաջարկել ՄԱԿ-ին, հայտնում է BBC-ն՝ հղումով դաշինքի կայքում տեղադրված հաղորդագրությանը:

Վերջինիս մեջ մասնավորապես նշվում է, որ Սթոլթենբերգը կողմ է ՄԱԿ-ի հետ համագործակցության ընդլայնմանը միանգամից մի քանի ուղղություններով, որոնք առնչվում են խաղաղարար գործունեությանը:

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքերով՝ դաշինքը կարող է նաև ՄԱԿ-ին օգնել խաղաղապահներին սովորեցնել ինքնաշեն պայթուցիկ սարքերից պաշտպանության միջոցները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամանակ:

Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքը պատրաստ է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտում: «Այժմ աշխարհը, ինչպես երբեք, կարիք ունի ուժեղ ՄԱԿ-ի»,- հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:


© armedia.am