Որո՞նք են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի հիմնական շեշտադրումները

16:02     1 հոկտեմբերի, 2015

Օբամա-Պուտին հանդիպումը կոտրեց ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սառույցը: Նման կարծիք է այսօր Sputnik մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, փորձագետ  Կարեն Բեքարյանը:

Իր խոսքի սկզբում նա ամփոփեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը՝ անդրադառնալով դրա հիմնական շեշտադրումներին և նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին:  

Այս համատեքստում վերջինս մասնավորապես նկատեց:

«Առաջին, պետք է նկատել, որ ՄԱԿ-ի ելույթներում ամենահաճախ շեշտադրվող հարցերից էր ՄԱԿ-ում  բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Սա փաստում է, որ այն երկրների շարքը, որոնք կարևորում են ՄԱԿ-ում հնարավոր նման բարեփոխումների անհրաժեշտությունը, բավականին լայնացել է: Երկրորդ, հաճախ շեշտադրվող հարցերից էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները»:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Բեքարյանը կարևորեց  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը և ինչպես վերջինս նշեց, «երկու երկրների՝ այս հարցում համագործակցության ընդհանուր եզրեր փնտրելու  պատրաստակամությունը» :

«Երկու երկրների նախագահների հանդիպումը կարծես թե կոտրեց Ուկրաինական ճգնաժամի և Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած սառույցը: Առանձնակի ուշադրության էր արժանի  նախագահների հանդիպման օրակարգը: Հանդիպման ժամանակ կողմերը կարծես թե փորձեցին Սիրիայի հարցում գտնել համագործակցության հնարավոր եզրեր:  

Սրա վառ ապացույցն այն էր, որ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ, որի ժամանակ վերջինս նշեց, որ ԱՄՆ-ում դեմ չեն Ռուսաստանի Սիրիայում ահաբեկչական գործողությունների դեմ  ներգրավմանը  և որ ԱՄՆ-ն, ինչպես դա նախկինում էր, չի պահանջում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշշար ալ- Ասադի  անհապաղ հեռացումը»,- հավելեց փորձագետը:


© armedia.am