Օբամա-Պուտին հանդիպումը կոտրեց ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սառույցը: Նման կարծիք է այսօր Sputnik մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, փորձագետ Կարեն Բեքարյանը:
Իր խոսքի սկզբում նա ամփոփեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը՝ անդրադառնալով դրա հիմնական շեշտադրումներին և նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին:
Այս համատեքստում վերջինս մասնավորապես նկատեց:
«Առաջին, պետք է նկատել, որ ՄԱԿ-ի ելույթներում ամենահաճախ շեշտադրվող հարցերից էր ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Սա փաստում է, որ այն երկրների շարքը, որոնք կարևորում են ՄԱԿ-ում հնարավոր նման բարեփոխումների անհրաժեշտությունը, բավականին լայնացել է: Երկրորդ, հաճախ շեշտադրվող հարցերից էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները»:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Բեքարյանը կարևորեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը և ինչպես վերջինս նշեց, «երկու երկրների՝ այս հարցում համագործակցության ընդհանուր եզրեր փնտրելու պատրաստակամությունը» :
«Երկու երկրների նախագահների հանդիպումը կարծես թե կոտրեց Ուկրաինական ճգնաժամի և Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած սառույցը: Առանձնակի ուշադրության էր արժանի նախագահների հանդիպման օրակարգը: Հանդիպման ժամանակ կողմերը կարծես թե փորձեցին Սիրիայի հարցում գտնել համագործակցության հնարավոր եզրեր:
Սրա վառ ապացույցն այն էր, որ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ, որի ժամանակ վերջինս նշեց, որ ԱՄՆ-ում դեմ չեն Ռուսաստանի Սիրիայում ահաբեկչական գործողությունների դեմ ներգրավմանը և որ ԱՄՆ-ն, ինչպես դա նախկինում էր, չի պահանջում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշշար ալ- Ասադի անհապաղ հեռացումը»,- հավելեց փորձագետը: