Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Հոկտեմբերի 5-8-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում քննարկվելու է իրավիճակը Սիրիայում և Թուրքիայում։ Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ելույթը՝ նվիրված ԵՄ ներկայիս իրավիճակին:
Հոկտեմբերի 5-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:
Հոկտեմբերի 7-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը կհանդիպի Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Իսկ հոկտեմբերի 8-ին Վրաստանի ԱԳ նախարարին կընդունի ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Հոկտեմբերի 9-ից 12-ը Նորվեգիայում կանցկացվի ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանը:
Հոկտեմբերի 10-ին Դուբրովնիկում, Խորվաթիայում, տեղի կունենա ԵՄ Ընդլայնման համաժողով, որին կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: