Հնարավոր է, որ Եվրոպան մոտ ապագայում ունենա սեփական Գրին քարտը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ներկայացրել է եվրոպական միացյալ միգրացիոն քաղաքականության ծրագիրը, որը պետք է մոդելավորվի ԱՄՆ-ի կանաչ քարտերի համակարգի օրինակով և թույլ կտա հարյուր հազարավոր տնտեսական միգրանտների հաստատվել Եվրոպայում, գրում է euromag-ը: «Ամերիկյան կանաչ քարտի նման մի համակարգ պետք է ներմուծվի Եվրոպա՝ մայրցամաք անօրինական միգրանտների ներթափանցումը կանխելու նպատակով», - նշել է Յունկերը:
Նշենք, որ ԵՄ-ում արդեն գործում է նմանատիպ մեխանիզմ, որը հայտնի է որպես Երկնագույն քարտ: Այսպես, ԵՄ Երկնագույն քարտը ԵՄ որոշ երկրներում որակավորված մասնագետների և նրանց ընտանիքների համար աշխատելու իրավունքով կացության վկայական է: Նշենք, որ ԵՄ Երկնագույն քարտերը ստեղծվել են 2009 թվականի ԵՄ դերեկտիվի համաձայն: Այդ դերեկտիվը չեն ճանաչում միայն Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան, և հետևաբար այդ երկրներում Երկնագույն քարտ ստանալը անհնար է:
Երկնագույն քարտը աշխատելու իրավունք է տալիս միայն այն երկրում, որը տրամադրել է այն: ԵՄ առանձին երկրները իրենք են որոշում տրամադրվելիք քարտերի քանակը, իսկ դրանց ստացման համար դիմումը ներկայացվում է ԵՄ տվյալ երկրի կա՛մ դեսպանատուն, կա՛մ հյուպատոսություն:
Յունկերի պլամի համաձայն՝ հետագայում այդ համակարգը պետք է կենտրոնացվի, այն պետք է նմանվի ՄԱՆ-ի միգրացիոն քաղաքականությանը:
Տեղեկանք.
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը իր միգրացիոն քաղաքականությունում կիրառում է այսպես կոչված կանաչ քարտերը: Պաշտոնապես այդ փաստաթուղթը կոչվում է United States Permanent Resident Card: Այն ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող, սակայն մշտապես և օրինական հիմունքներով ԱՄՆ-ում բնակվող անձի վկայական է: Այդ քարտի սեփականատիրոջը տվում է ԱՄՆ-ում ապրելու, աշխատելու և քաղաքացիներին տրվող այլ իրավունքներ՝ բացի ընտրելու իրավունքից:
Առաջին կանաչ քարտերը եղել են սպիտակ և ի հայտ են եկել օտարերկրացիների հաշվառելու ակտի արդյունքում 1940 թվականին: Այդ քարտերը կանաչ եղել են միայն 1946-1964 թվականներին, և միայն վերջերս՝ 2010 թվականից, քարտերը կրկին ստացել են իրենց պատմական կանաչ գույնը:
Այժմ ԱՄՆ-ի իշխանությունները քարտեր տրամադրում են ընտանիքների վերամիավորման, ԱՄՆ-ի քաղաքացու հետ ամուսնության, ամերիկյան գործատուի հայցով աշխատանք ստանալու, վիճակախաղում հաղթելու և քաղաքական ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու դեպքում:
Սակայն ԵՄ-ում կանաչ քարտերը ցանկանում են ներմուծել միայն որակավորված մասնագետների համար: Վերջին շրջանում միգրանտների Եվրոպա մեծ հոսքի պատճառով Բրյուսելը ստիպված է հրաժարվել տնտեսական միգրանտներ ընդունելուց ի օգուտ հակամարտության գոտուց ժամանած փախստականների: Սակայն միևնույն ժամանակ Եվրոպան որակավորված մասնագետների մեծ պահանջարկ ունի:
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի այս ծրագրերը արդեն քննադատության են արժանացել Եվրոպական մի շարք երկրների և մասնավորապես բրիտանացի քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, որ այն միայն կբարդացնի միգրացիոն ներկայիս ճգնաժամը: