ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սատար է կանգնել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությանը` ձեռնարկել միջոցներ, որոնք կօգնեն դադարեցնել ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին հրադադարի խախտման դեպքերը, հայտնում է «Ասբարեզ»-ը:
Հանրային հեռուստաընկերության ԱՄՆ-ի թղթակցին տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը մասնավորապես նկատել է:
«Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար: Մենք կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- նշել է դիվանագետը:
Ուորլիքին ուղղված նամակում կոնգրեսականները մասնավորապես առաջարկում են` սահմաններից դիպուկահարներին հետ քաշելու համար ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, շփման գծի երկայնքով տեղակայել լոկատորներ և ձայնային սարքավորումների զարգացած համակարգեր, որոնք կպարզեն, թե կողմերից ով է նախաձեռնում սահմանային լարվածությունը և ավելացնել ԵԱՀԿ դիտարկումներ իրականացնող առաքելությունը: