Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաներ չեն տեղակայվի, խոսքը միայն Բելառուսի տարածքում ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների տեղակայման մասին է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով Բոբրույսկում ռուսական ռազմաօդային բազայի տեղակայման քննադատներին:
«Մենք ներկայումս բազայի կարիք չունենք, առավել ևս ռազմաօդային ուժերի: Մեզ պետք են որոշակի զինատեսականեր, ինչի մասին ես հրապարակավ հայտնել եմ Պուտինին, իսկ ավելի վաղ նաև Մեդվեդևին», - հայտարարել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է Ռուսաստանը և Բելառուսն ունեն փոխադարձ պարտավորություններ: «Մենք պատասխանատու ենք արևմտյան ուղղության համար (ՀԱՊԿ)», - նշել է Բելառուսի նախագահը:
Հոկտեմբերի 4-ին Միսնկի Ազատության հրապարակում անցկացվել է «Մեզ պետք է խաղաղ երկինք», «Russians, go home», «Ռուսական ռազմակայանը մեզ թիրախ է դարձնում. չկա ռազմակայան, չկա պատերազմ» լոզունգներով բողոքի ակցիա ընդդեմ Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայմանը: Ակցիայի ժամանակ, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հայտարարվել է «Հանուն Բելառուսի անկախության և պետականության» շարժման ստեղծման մասին:
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել է Բելառուսի տարածքում ավիաբազայի տեղակայման վերաբերյալ որոշման նախագիծ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պաշտոնական Մինսկի հետ ստորագրել համապատասխան համաձայնագիրը: Բելառուսի ղեկավարությունը հրապարակայնորեն չի արձագանքել դրան: Փորձագետները համոզված էին, որ բելառուսական իշխանութունները դրան չեն արձագանքի մինչև ընտրութուններ:
Այսօր Բելառուսի տարածքում փաստացիորեն գործում է ռուսական երկու ռազմաբազա՝ հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման ռադիոտեղակայման «Վոլգա» կայանը Գանցևիչիում և Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմավարական ատոմային սուզանավերի հետ կապի հանգույցը Վիլեյկեում: 2013 թվականից Բարանովիչիի աերոդրոմում ռոտացիոն հիմունքներով հերթապահում է ռուսական ռազմաօդային ուժերի 4 կործանիչից բաղկացած օղակը:
Ինչպես ցույց են տալիս սոցիալական հարցումների արդյունքները, բելառուսցիների հիմնական մասը դեմ են երկրում ռազմաբազաների տեղակայմանը: Ամենայն հավանականությամբ հենց սրանով է պայմանավորված, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր երկրի տարածքում ռուսական ավիաբազաների տեղակայման մասին տեղեկությունները որակել է որպես ռուսական սադրիչ տեղեկատվական քայլ:
Լուկաշենկոյի կարծիքով այն ամենայն հավանակությամբ ուղղված է Մինսկի և Արևմուտքի հարաբերութունները, որոնք վերջին շրջանում բավականին կարգավորվել են, փչացնելու:
Լուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին զգոն լինել սադրանքների նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը Լուկաշենկոյի հետ քննարկվել է դեռ իր նախագահության ժամանակ՝ 2009 թվականին: