Եվրոպայի խորհուրդը դուրս է գալիս մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից, այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու իր որոշման մասին: 2014թ. հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներին, որոնք միտված էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև երկխոսության վերականգնմանը: Չնայած այդ նախաձեռնություններին՝ երկրում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր դրությունը վատթարացել է»:
Ինչպես գրում է ադրբեջանական contact.az կայքը, դեռ 2014թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ: 35 ակտիվիստների ստորագրությամբ կոչում նշված էր, որ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը կազմված է հիմնականում կառավարական պաշտոնյաներից, խորհրդարանի անդամներից և իշխանամետ ՀԿ-ների ներկայացուցիչներից: Ակտիվիստների կոչը, սակայն, անտեսվել է: