Թվում է` Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումը ձախողվել է: Այս մասին գրում է The Independent-ը` մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու դեպքերը:
Թերթը նշում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԵՄ և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք համագործակցում են սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) հետ, որի հրամանատարները օդային հարվածների համար հետախուզական տվյալներ էին հաղորդում նրանց: Սակայն չնայած դրան ԱՄՆ-ի օդային հարվածներից ԻՊ-ը չպարտվեց:
Ըստ թերթի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև անհամաձայնությունն ավելի է մեծացնում սիրիա-թուրքական սահմանում առանց այն էլ առկա խառնաշփոթը: Սահմանի երկարությունը 550 կմ է, և դրա կեսը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Սիրիացի քրդերի կողմից վերհսկվող տարածքը ԱՄՆ-ի օդուժի աջակցությամբ մեծացնելու ջանքերը հարված են հասցնում Անկարային, քանի որ վերջինս դեռևս շարունակում է համագործակցել Ալ Քաիդայի մաս կազմող «Նուսրայի ճակատ» և «Ահրար ուս Շամ» կազմակերպությունների հետ: Թուրքիայի համար խիստ ռիսկային են դարձել Ռուսաստանի օդուժի ներկայության պայմաններում Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունները:
«Թվում է՝ Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումներն անհաջողության են մատնվել,- գրում է թերթը` նշելով, որ ռուսների հարձակումներից հետո Թուրքիային արվող աջակցությունը «հռետորական» է դարձել:
«Թեև Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի վրա որևէ հարձակում ՆԱՏՕ-ի վրա հարձակում է նշանակում, կամ Թուրքիայի նման բարեկամին կորցնելու դեպքում Ռուսաստանը շատ բան կկորցնի, այդուհանդերձ, հստակ է, որ նվազագույնը Սիրիայում կորցնողը Թուրքիան է»,- ամփոփել է թերթը: