Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագիրը նոր հնարավորություն ստեղծեց Իրանի հետ ավելի լայն համագործակցություն հաստատելու համար: Գրեթե ամեն օր աշխարհի տարբեր երկրներից պատվիրակություններ են ժամանում Թեհրան տնտեսական համագործակցության համար ուղիներ գտնելու համար: Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում նաև Իրանի հարևան երկրների̦ այդ թվում՝ Հայաստանի համար:
Վերլուծաբաններն ակնկալում էին̦ որ Իրանն այսուհետ կկարողանա ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել սառեցված հայ-իրանական մի շարք նախագծերի̦ այդ թվում Մեղրու ՀԷԿ-ի̦ բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի̦ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման և այլ ծրագրերի իրականացման համար:
Իրանի հետ համաձայնագրի կնքումից հետո Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակել են զարգանալ դիվանագիտական̦ տնտեսական և քաղաքական ոլորտներում: Դեռևս 2015 թվականի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Հայաստան կատարած այցի ժամանակ ընդգծեց̦ որ Իրանը շահագրգիռ է «առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները»: Իսկ օրեր առաջ ՀՀ նախագահը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունելու ժամանակ ընդգծեց̦ որ «Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով»:
Մասնավորապես̦ հունիսի 8-ից 9-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև խորհրդատվությունների տասներորդ նիստը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը̦ երկօրյա բանակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկեցին Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Օրեր անց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ:
Հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին: Կողմերն ընդգծեցին̦ որ մշակույթի ոլորտում ձևավորված երկկողմ կապերն ամուր հիմք են ստեղծում հայ-իրանական միջպետական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում զարգացնելու և խորացնելու համար: Իսկ ավելի ուշ Իրանն ու Հայաստանը հուշագիր ստորագրեցին երկու երկրների թանգարանների միջև համագործակցության և փոխըմբռնման վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են երկու երկրների մշակութային ժառանգությանը վերաբերող ցուցահանդեսներ կազմակերպել:
Օգոստոսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները:
Սեպտեմբերի 24-28-ն աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ և ՀՀ մաքսային ծառայությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահմանային անցակետում երկու երկրների քաղաքացիների` սեփական փոխադրամիջոցներով սահմանահատման ընթացակարգերն առավել պարզեցնելու անհրաժեշտությունը: Հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, սեպտեմբերին քննարկվել են Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսիի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից:
Հայաստան-Իրան համագործակցությունն իրականացվում է նաև ԲՐԻԿՍ - ԵԱՏՄ - Շանհայան համագործակցության կազմակերպություն ֆորմատով̦ ինչն ակնհայտ դարձավ 2015 թվականի հուլիսին ՌԴ-ում կայացած այս կառույցների համատեղ գագաթաժողովի ժամանակ̦ որի ընթացքում ՀՀ նախագահը կրկին խոսեց Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման առավելությունների մասին:
Ակնհայտ է̦ որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում̦ սակայն համագործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: Հայաստանը պետք է էապես մեծացնի նախաձեռնողականությունն այս ուղղությամբ այդ ներուժը լիարժեք կյանքի կոչելու համար: