ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաահաբեկչական վարչությունը մտադիր է պարզել, թե ինչպես են ԻՊ ահաբեկիչների տրամադրության տակ հայտնվել հազարավոր արտաճանապարհային Toyota մեքենաներ և թեթև բեռնատարներ, ինչի մասին են վկայում բազմաթիվ տեսագրությունները, որոնք արվել են Իրաքում, Լիբիայում և Սիրիայում ԻՊ-ի տեղակայման վայրերից, փոխանցում է ABC հեռուստաընկերությունը։
Նրա տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները պաշտոնական հայցով դիմել են ճապոնական արտադրողին՝ խնդրելով բացատրել, թե ինչպես են ահաբեկիչները մեծաքանակ նոր մեքենաներ ստանում։
Ընկերությունում հայտնել են, որ տեղեկություն չունեն, թե ինչ կերպ են մեքենաները հայտնվում գրոհայինների տրամադրության տակ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը սիրիական ընդդիմությանը աջակցության ծրագրի շրջանակներում 43 մեքենա էր հատկացրել ընդդիմությանը, որոնք ենթադրվում է, որ փոխանցվել են ահաբեկիչներին:
Toyota ընկերության մեքենաների պաշտոնական վաճառքը Սիրիայում դադարեցվել է 2012 թվականին: