Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի նավերը մասնակցում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններին՝ հրթիռներ արձակվելով Սիրիայում ԻՊ դիրքերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որի մի հատվածը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, Շոյգուն ասել է, որ Կասպից ծովում տեղակայված չորս ռազմանավերից 26 հրթիռային հարված է հասցվել Սիրիայի արևմտյան շրջանների թիրախներին: Հրթիռները 1500 կիլոմետր են անցել թիրախներին հասնելու համար: Նախարարը նշել է, որ հրթիռները խոցել են թիրախները, սակայն չի բացահայտել, թե որ երկրների օդային տարածքով են դրանք անցել:
Պուտինն իր հերթին նշել է, թե դեռ վաղ է խոսել Սիրիայում Ռուսաստանի՝ սեպտեմբերի 30-ից սկսված ռազմական գործողությունների հաջողությունների մասին: Նա պաշտպանության նախարարին հանձնարարել է Սիրիայի ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ: