Եթե բանակցություններն այլևս հնարավոր չլինի շարունակել, այսինքն, եթե խոսքը գնա պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ նաև՝ ճանաչումը, ինչպես նաև՝ այլ անհրաժեշտ քայլեր:
Այդ մասին Ազգային ժողովի և կառավարության միջև հերթական հարց ու պատասխանի ժամանակ նախօրեին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:
Արտգործնախարարը նշել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ուղղորդված և ասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառը։ «Նրանք ասում են, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ և հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է: Այսինքն, դրանով ասում են, որ ամբողջ պատասխանատվությունը հրադադարի խախտման և միջադեպերի համար ընկնում է Ադրբեջանի վրա», - նշել է արտգործնախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց, որ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսը և կոնգրեսական Էնգելը նամակ են գրել Ջեմյս Ուորլիքին, կոչ անելով հավելյալ ջանքեր գործադրել հրադադարի ամրապնդման իմաստով։ Ըստ Նալբանդյանի, խոսքը գնում է նաև հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմի ստեղծման մասին: «Եռանախագահների նախաձեռնությանը աջակցել են ոչ միայն միջազգային կառույցները, այլև տարբեր խորհրդարաններ, այդ թվում՝ ամերիկյան Կոնգրեսը, որը բաց նամակ է գրում այդ հարցի շուրջ։ Այսօր Ուորլիքն արձագանքել է՝ նշելով, որ ինքը միանգամայն ողջունում է այդ նախաձեռնությունը», - ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությանը՝ արտգործանախարարը նշել է, որ կառույցն այսօր այդպիսի հարց չի քննարկում։