Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին համատեղ զեկույցով է եկել հանդես Եվրախորհրդարանում: Գործընկերները կոչ են արել պատգամավորներին միասնական ուժերով լուծել մայրցամաքում ծագած ճգնաժամերը, որոնք սասանում են Եվրոպական միության հիմքերը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է երկու ղեկավարներին՝ ասելով, որ ամբողջ Եվրոպան է տառապում, երբ Ֆրանս-գերմանական համագործակցությունը լավ չի աշխատում: Ուստի եթե ճգնաժամերի հարցում Ֆրանսիան և Գերմանիան որևէ փոխզիջման են գալիս, ըստ Շուլցի, դա ձեռնտու է լինում բոլոր գործընկերների և ընդհանուր ԵՄ-ի համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սկզբից ևեթ հայտարարել է, որ տարիներ ի վեր Եվրոպան կանգնած է եղել մի շարք ճգնաժամերի առաջ՝ ֆինանսական, սոցիալական ևտնտեսական, սակայն այժմ խնդիրը շատ ավելի լուրջ է:
«Այժմ մենք կանգնած ենք հումանիտար ճգնաժամի առջև և փախստականների ներհոսքի հետևանքով առաջացած իրավիճակն ապակայունացնում է այս ողջ տարածաշրջանը: Եվրոպան շատ դանդաղ է սկսել գիտակցել, որ ողբերգություններն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կարող են ունենալ նման հետևանքներ հենց եվրոպացիների համար, եթե նրանց ժամանակին բավարար օգնություն և աջակցություն չտրամադրվի», - նշել է Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ պետք է անպայմանորեն ամրապնդել Շենգեն գոտին, քանի որ այժմ հարցականի տակ է հայտնվել առանց անձնագրի ազատ գոտու սկզբունքը:
«Չկա ավելի լավ այլընտրանք, քան հենց ուժեղ Եվրոպան է», - հայտարարել է Օլանդը՝ կոչ անելով վերահաստատել համերաշխությունն ու հարգանքը ԵՄ ներսում: Օլանդն առաջարկել է նաև ամրապնդել եվրոյի տարածքն ընդհանուր քաղաքականություն մշակելու, հարկաբյուջետային ներդաշնակեցումը խթանելու, ինչպես նաև ներդրումային և սոցիալական քաղաքականությունը բարելավելու նպատակով:
Ինչ վերաբերվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ապա վերջինս հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի տեսքով Եվրոպան իր պատմության մեջ բոլորովին նոր խնդրի է բախվել:
«Մենք չենք կարող խուսափել կտրուկ գործողություններ կատարելուց, բայց միևնույն ժամանակ չպետք է գայթակղվենք ազգային մակարդակով որոշումներ կայացնելու հեռանկարով», - նշել է Մերկելը՝ հավելելով, որ ԵՄ բոլոր 28 անդամ-պետություններն էլ ստիպված են որոշակի փոխզիջման գնալ՝ ցանկալի արդյունքների հասնելու նպատակով:
Երկու երկրների առաջնորդների հայտարարություններից հետո Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը հնարավորություն են ունեցել աշխույժ և բուռն բանավեճի բռնվել ինչպես միմյանց, այնպես էլ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ: Ընդ որում, պետք է նշել, որ Օլանդն ու Մերկելը միասնական ճակատ են կազմել և, առանց մեկը մյուսին հակադրվելու կամ հակաճառելու, պատասխանել ներկաների հարցերին ու մեկնաբանություններին: