Իրանը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը. դեսպան

18:34     8 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 8-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ ‪Սաջջադի‬ն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ‪ ‎Նալբանդյան‬ին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ Սեյեդ Քազեմ Սաջջադը իր աշխատանքով կնպաստի հայ-իրանականբարիդրացիական հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Դեսպան Սաջջադին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության առավել զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող և հեռանկարային ծրագրեր, անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սաջջադին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն հայտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:


© armedia.am