Իրանը հերքել է ռուսական թևավոր հրթիռների՝ իր տարածքում ընկնելու մասին տեղեկությունը։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական FARS գործակալությանը։
Իրանի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, թե իրենք հրթիռների ընկնելու մասին տեղեկություն չունեն։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» վրա արձակված ռուսական «Կալիբր» հրթիռներն իրականում ընկել են Իրանի տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ արձակված բոլոր հրթիռները հասել են թիրախներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Կասպից ծովում գտնվող ռուսական նավատորմը թևավոր հրթիռներ էր արձակել՝ հարվածներ հասցնելով Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերին։ Խոցման հիմնական թիրախներ էին դարձել զինամթերք արտադրող գործարանները, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները, ահաբեկիչներին մարզող ճամբարները։