Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ երկրի ԱԳՆ «սև ցուցակում» ներառվել է 49 երկրի 501 քաղաքացի: Այս ցուցակում հայտնվում են որոշակի ճանաչում ունեցող այն անձիք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հատկանշական է, որ «Սև ցուցակը» գլխավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և մի շարք եվրոպական երկրներ: Այսպես, այդ ցուցակում ներառված անձանց մեծ մասը՝ 133 հոգի հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց թվում են խորհրդարանականներ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, գործարարներ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որի 41 քաղաքացի է հայտնվել այդ ցուցակում: Գերմանիան ադրբեջանական «սև ցուցակում» հայտնված 38 քաղաքացիներով եզրափակում է առաջատարների եռյակը:
Նշվում է, որ ցուցակում հայտնվել են նաև Իտալիայի 36 և Ֆրանսիայի 30 քաղաքացի: Ընդ որում՝ ցուցակում հայտնված իտալացիների մեծամասնությունը արվեստի գործիչներ են, իսկ ֆրանսիացիների հիմնական մասը՝ քաղաքական:
Ադրբեջանի սև ցուցակում ունեցած քաղաքացիների թվով տասնյակում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիան՝ 19 մարդ, և Շվեյցարիան՝ 10 մարդ: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունեցող երկրներից Արցախ «անօրինական» կերպով այցելել է 16 մարդ. 11-ը՝ Վրաստանից, 2-ը՝ Թուրքիայից և 3-ը՝ Իրանից:
Վիճակագրության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացում Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակը բավականին ընդլայնվել է: 2013 թվականի օգոստոսին, երբ ԱԳՆ հրապարակեց ողջ ցուցակը, նրանում հաշվում էր 335 մարդ:
Նման միտումն, անշուշտ, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության միջազգային ճանաչելիությունը բավականին բարձրացել է վերջին շրջանում: Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվում են ԼՂՀ այցելած ոչ բոլոր օտարերկացիները: Ցուցակից դատելով՝ պարզ է դառնում, որ այն վերաբերում է միայն հայտնի մարդկանց և պաշտոնական պատվիրակություններին: Ընդ որում, վերջիններիս միայն այն մասն է հայտնվում ցուցակում, որոնց այցը լուսաբանվել է լրատվամիջոցներում:
Ավելացնենք նաև, որ ադրբեջանական ԱԳՆ-ում նշում են, որ այդ ցուցակը «հավերժական չէ, այն ճկուն է», և եթե անձը «զղջում է իր արարքի համար, գիտակցում է իր այցի անօրինականությունը և դիմում է Ադրբեջանի համապատասխան մարմիններին բացատրություններով, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է դիտարկել այդ անձին ցուցակից հանելու հարցը»: Այս ընթացակարգով 2013 թվականի նոյեմբերին ադրբեջանական ԱԳՆ ցուցակից հանել էր իտալացի հայտնի երգիչ Al Bano-ին, ով հայտնվել էր ցուցակում 2010 թվականին:
Ադրբեջանի սև ցուցակում հայտնված հայտնի անձանց թվում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Կոկսը (2011), ռուսաստանցի երգիչ Բեդրոս Կիրորովը (2011), օպերային հայտնի երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեն (2013, Իսպանիա) և Լյուդմիլա Կազարնովսկայան (2015 Ռուսաստան), ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստելիգովը և այլոք:
Հատկանշական է, որ ցուցակում հայտնված մարդիկ բավականին անտարբեր են հետագայում Ադրբեջան այցելելու արգելքի հետ կապված: Նրանցից ոմանք Բաքվի այս քայլը որակում են որպես «մեծ անհեթեթություն», «ինքնասպանություն», որի արդյունքում ավելի է մեծանում Արցախ այցելելու ցանկությունը և ԼՂՀ մասին իրազեկվածությունը: Որոշ պաշտոնական շրջանակներ էլ մեղադրում են Ադրբեջանին հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշմանը ծանոթանալուն խանգարելու համար:
Նշենք, որ հակամարտող կողմերը հաճախ են կիրառում երկիր մուտքի արգելքը, սակայն դա կիրառվում է ոչ միայն հայտնի մարդկանց և պաշտոյանների նկատմամբ, ինչպես Ադրբեջանի դեպքում, այլ թշնամական երկիր այցելած բոլոր մարդկանց նկամամբ: Դրա վառ օրինակներից է Իսրայելը, որն արգելում է իր երկիր այցելել ինչպես սիրիացիներին, այնպես էլ Սիրիա այցելած բոլոր օտարերկրացիներին: