Ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը խոսում է պատերազմին պատրաստ լինելու մասին, սակայն միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, թե չեն ցանկանում կռվել և կուզենային, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվեր, իսկ ավելի տարեցները ընդհանրապես չէին ցանկանա, որ ռազմական գործողությունները հայերի դեմ վերսկսվեին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval.az-ը:
Կայքում տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ Musavat.com կայքի ներկայացուցիչները հարցում են անցկացնում Բաքվի բնակիչների շրջանում` տեղեկանալու համար հանրության կարծիքին այս հարցի շուրջ:
Բաքվի երիտասարդ բնակիչը թղթակցի այն հարցին, թե հավատում է արդյոք, որ Ադրբեջանի ռազմական հզորությունը բավարար է «Ղարաբաղի հողերը վերադարձնելու համար», պատասխանում է. «Մենք պատրաստ չենք պատերազմի, քանի որ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ դրան»:
Մեկ այլ երիտասարդ հայտարարում է, որ նույնիսկ եթե իրենք պատրաստ լինեին պատերազմի, միևնույն է, ամեն ինչ պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցներից ևս մեկը` հավելելով, որ, իր կարծիքով, պատերազմ չի լինի և իրավիճակը չի փոխվի:
Այդպիսով հարցման մասնակից 6 երիտասարդներից միայն մեկն է պատերազմելու պատրաստակամություն հայտնել: Հարցմանը մասնակցած տարեց մարդկանց մեծ մասը նույնպես արտահայտվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին:
«Եթե պատերազմ լինի, մենք կկորցնենք մեր երիտասարդներին: Մեզ պատերազմ հարկավոր չէ: Թող ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծեն»,- ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ ասել է տարեց մի տղամարդ: