«Ռուսաստանը երկարաժամկետ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը շատ կախված է Ռուսաստանից անվտանգության ոլորտում: Այդ իսկ պատճառով Պուտինը չի կարող թողնել Հայաստանն ու ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել հօգուտ Ադրբեջանի, այլապես նա կարող է կորցնել Հայաստանը»: ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, այժմ մարդու իրավունքների և ժողովրդավարության՝ Մակքեյնի միջազգային ինստիտուտի տնօրեն Դևիդ Քրամերն այսպես է պատասխանել Turan-ի թղթակցի այն դիտարկմանը, թե «Բաքվում խոսում են, թե Պուտինը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և նույնիսկ վերադարձնել տարածքների մի մասը»: «Եթե Ադրբեջանում վստահում ու հավատում են դրան, ապա այդ երկիրը մեծ պրոբլեմի մեջ է»,-նշել է Քրամերը:
Քրամերը հիշեցրել է նաև, որ Հայաստանն այն երկրներից էր, որը համաձայնեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը Ռուսաստանի կողմից մեծ ճնշման ներքո:
Իրավապաշտպանն անդրադարձել է նաև քաղհասարակության իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումներին Ադրբեջանում՝ կոչ անելով ԱՄՆ-ին ու ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել այդ երկրի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական Բաքվին ԱՄՆ նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ «Ադրբեջանը, լինելով Ռուսաստանի ու Իրանի հարևանը, Արևմուտքի կարիքն ավելին ունի, քան վերջինս՝ Ադրբեջանի»: