Մալազիական ավիաուղիներին պատականող Boeing օդանավը, որը կործանվել էր անցյալ տարվա հունիսին Ուկրաինայի արևելքում, վայր է ընկել «Բուկ» տեսակի հրթիռի հարվածի հետևանքով: Այս մասին ասվում է Նիդերլանդների քննչական խորհրդի՝ օդանավի կործանման գործով մոտ 15 ամիս տևած հետաքննության եզրակացության մեջ: Նիդեռլանդների Անվտանգության խորհրդի նախագահ Տիբբե Իուստրան հայտարարել է, որ հրթիռը պայթել է ինքնաթիռի ձախ մասում՝ օդաչուի խցիկի մոտ:
Ինչպես գրում է BBC-ն, զոհերի հարազատներին պատմել են, որ բոլորը, ովքեր գտնվել են MH17 չվերթում, ակնթարթորեն կորցրել են գիտակցությունը:
Զեկույցում որևէ բան չի նշվում հրթիռի արձակման վայրի մասին, ինչն ամենախնդրահարույցն է այս հարցում: Կիևի վարկածի համաձայն՝ օդանավը կործանվել է «հող-օդ» դասի հրթիռի հարվածի պատճառով, որն արձակվել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքից: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համոզված են, որ օդանավի կործանման պատճառը Կիևի կողմից վերահսկվող տարածքներից «Բուկ-Մ1» ուկրաինական հրթիռի հարվածն է եղել:
Նշենք, որ այս հետաքննությունը չի զբաղվել ավիավթարի մեղավորներ փնտրելով: Նախատեսվում էր, որ դրա համար կստեղծվի միջագային տրիբունալ: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեց Boeing կործանման պատճառների հետաքննության համար միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ բանաձևը:
Նախօրեին Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպան Ռոն վան Դարտելը հայտնել էր, որ Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությամբ զբաղվող երկները՝ Ուկրաինան, Մալազիան, Ավստրալիան, Նիդեռլանդները և Բելգիան, դադարեցրել են աղետի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար միջազգային տրիբունալ ստեղծելու ուղղությամբ իրենց ջանքերը: «Ռուսաստանը բավականին հստակ հայտարարեց այդ հարցում իր դիրքորոշման մասին՝ վետո կիրառելու միջոցով: Դա տրիբունալ ստեղծելու ջանքերի ավարտն էր: Հիմա մենք փնտրում ենք դրան այլընտրանք», -հայտարարել է դիվանագետը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիավթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող երկրները պատրաստվում են ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային տրիբունալի փոխարեն ստեղծել «սգացող երկրների» տրիբունալ, որում ներկայացված կլինեն այն երկրները, որոնց քաղաքացիները գտնվել են օդանավում:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, 2014 թ. հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են: