Հաագայի դատարանը կհետաքննի հարավօսական հակամարտության ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները

17:36     15 հոկտեմբերի, 2015

Վրացական կողմը Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի հետ սերտորեն կհամագործակցի 2008 թ. օգոստոսյան պատերազմի գործով, տեղեկացնում է Грузия Онлайн-ը՝ հղում կատարելով Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հայատարարությանը: Նրա խոսքով՝ վրացական կողմի համար շատ կարևոր է, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազն օգոստոսյան պատերազմի հետաքննության համար դատավորից թույլտվություն է խնդրել, որպեսզի ուսումնասիրի օգոստոսյան, սեպտեմբերյան և հոկտեմբերյան իրադարձությունները:

Նշենք, որ օրերս Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան դիմել էր Նախնական քննության պալատ 2008 թվականի օգոստոսյան ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները քննելու համար: Ըստ դատարանի հաղորդագրության՝ Բենսուդան ռազմական հանցագործության հետքեր է գտել ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործողություններում:

Ռուսական կողմի առնչությամբ, ըստ դատախազի, կան վկայություններ էթնիկ զուտումներ իրականացնելու մասին: Այսպես, ըստ այդ վկայությունների՝ 51-113 էթնիկ վրացիներ են սպանվել, 13,4-18.5 հազար վրացի տեղահանվել է: «Էթնիկ վրացի բնակչությունը հակամարտության գոտում նվազել է առնվազն 75 տոկոսով», - հայտարարել է դատախազը և ավելացրել, որ հանցագործությունն իրականացվել է «ռուսական զինված ուժերի հնարավոր մասնակցությամբ»:

Ռուսական կողմը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները՝  նշելով, որ իր գործողությունները միայն խաղաղապահական բնույթ են ունեցել:

Ինչ վերաբերվում է վրացական կողմին, ապա, ըստ դատախազի, Հարավային Օսիայի և Վրաստանի զինուժը հարձակումներ են իրականացրել խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների և օբյեկտների վրա: Մասնավորապես վրացի զինվորականները մեղադրվում են ռուսական զորամիավորման տասնյակ զինվորների սպանության մեջ: Վրացական կողմը ևս չի ընդունում ներկայացված մեղադրանքները՝ բերելով հակափաստարկներ:

Հատկանշական է, որ Հարավային Օսիայում և Վրաստանում հակամարտության տարբեր հանգամաներով Հաագայի Միջազգային քրեական  դատարանը սկսել է հետաքրքրվել ռազմական գործողությունների դադարելուց հետո, սակայն մինչ այժմ դրա հետ կապված ոչ մի ընթացակարգային որոշում չի ընդունվել:

Նշենք, որ դատարանը կարող է հետաքննություն սկսել միայն այն դեպքում, երբ հակամարտող կողմերի քննչական գործողություններն անարդյունավետ ճանաչվեն: Ավելացնենք նաև, որ Ռուսաստանը, չնայած 2000 թվականի ստորագրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմեական ստատուտը, սակայն մինչ այժմ չի վավերացրել այն, և հետևաբար դատարանի իրավասությունների մեջ չի մտնում այս երկրի կամ նրա քաղաքացիներ նկամամբ գործ հարուցելը, ուստի դատախազի նախաձեռնած հետաքննությունը իրավական լուրջ հետևանքներ քհազիվ թե ունենա: 


© armedia.am