Երևանում հոկտեմբերի 17-ին որոշ փողոցներ փակ կլինեն՝ Հեծանվային մարաթոնի անցկացման կապակցությամբ

14:57     16 հոկտեմբերի, 2015

Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան - Սեբաստիայի փողոցի և Իսակ վի պողոտայի ուղեհանգույց - Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:

Շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում: Իսկ Սպորտային փառատոնը սկսվի ժամը 13:00 Ազատության հրապարակում: Ժամը 14:00 կկայանա բացօթյա ֆիթնես, այնուհետև տեղի կունենան վոլեյբոլի և ուսանողական սթրիթբոլի մրցումների եզրափակիչ փուլ անցած թիմերի խաղերը՝  հաղթական գավաթների համար:

Միջոցառմանը ցուցադրական շոու կունենան նաև Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիան և Հայաստանի պարկուրի և ֆրիրանինգի ֆեդերացիան:  Օրվա հատուկ հյուրերն են Պավել Ռոմանովը, Տիմուր Կալիմուլինը և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Չուպրինան, ովքեր կցուցադրեն բացառիկ BMX շոու: Ողջ օրվա բարձր տրամադրությունը կապահովի DJ-ը, իսկ միջոցառման ավարտին կլինի նաև կենդանի հնչողությամբ համերգ՝  «Lelocity» ռոք խմբի կատարմամբ:

«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի նպատակն է մոտիվացնել մարդկանց վարել առողջ կենսակերպ և պահպանել հավասարակշռված սննդակարգ, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի առողջ հասարակություն:


© armedia.am