Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի դեմ քրեական գործի հետ կապված` շարունակվում է Ադրբեջանի ԱԳՆ այն աշխատակիցների հարցաքննությունը, ովքեր աշխատել են վերջինիս հետ:
Այս մասին հայտնում է «Թուրան»-ը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրին:
Նրա պնդմամբ` արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցներին կանչում են Բաքու և պահանջում ստորագրել Մամեդովի դեմ արդեն պատրաստված ցուցմունքների տակ: Հակառակ դեպքում, նրանց սպառնում են պատասխանատվության ենթարկել:
Նման դիվանգետներից մեկն էլ Սեյմուր Իսմայիլովն է, ով աշխատում էր Ստրասբուրգում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Մամեդովը:
Այն բանից հետո, երբ Արիֆ Մամեդովը Բաքվում 15 մարդու կյանք խլած հրդեհի համար մայիսին Facebook-ում քննադատեց մեղավոր չինովնիկներին, անմիջապես հայտնվել է իշխանությունների թիրախում, և Իսմայիլովին սկսել են համառորեն կանչել Բաքու:
Այդ ժամանակ Իսմայիլովն արդեն աշխատում էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը: Պաշտոնական հրավեր ուղարկելու պահանջից հետո նրա վրա ճնշում և սպառնալիքներ են գործադրել: Դրանից հետո Սեյմուր Իսմայլիովը հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և ապաստան է խնդրել Ֆրանսիայում:
Հետո, դատախազության դիմումի համաձայն, ԱԳՆ-ն Իսմայլիովին ժամանակից շուտ հետ է կանչել ծառայողական գործուղումից:
Դա արդեն հինգերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք «լայք» են դրել Արիֆ Մամեդովի՝ չինովնիկներին քննադատած նշանավոր հոդվածի տակ:
Իսլամական համագործակցության կազմակերպությունում և Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր այն բանի համար, որ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին և ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի և Անար Հասանովի նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ: