Ռուսաստանը ներողություն է խնդրում Ֆրանսիայից

13:29     20 հոկտեմբերի, 2015

Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է խնդրել՝ կապված ռուսական պատվիրակության ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համապատասխան վերլուծություն իրականացնելուց հետո ֆրանսիական կողմը հայտնել է, որ խոսքը ոչ թե ֆրանսիական, այլ շվեյցարական ռազմաօդային ուժերի մասին է: Դրանից հետո ֆրանսիական կողմից դիվանագիտական խողովակներով ներողություն ենք խնդրել», - նշել է Զախարովան: Նրա փոխանցմամբ՝ դիվանագիտական խողովակներով Մոսկվան խնդրել է համապատասխան տեղեկություններ տրամադրել՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: «Սպասում ենք շվեյցարական կողմի պաշտոնական պատասխանին», - ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանին կանչել էին ՌԴ ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու նրա համար, թե ինչու է ֆրանսիական կործանիչը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել ռուսական պատվիրակության ինքնաթիռին։

ՌԴ ԱԳՆ-ը միջադեպի կապակցությամբ մտահոգություն էր հայտնվել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանին և ընդգծել, որ Փարիզի այդօրինակ գործողությունները խաթարում են բազմակողմ հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելու վայրի հարցում Ֆրանսիան ընտրելու հնարավորությունը։ Նշենք, որ ռուսական պատվիրակությունը մեկնում էր Ժնև՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 133-րդ նստաշրջանին։ Պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունն արդեն հաստատել է, որ ռուսական ինքնաթիռին մոտեցած F/A-18 կործանիչը պատկանում է շվեյցարական զինված ուժերին: Ինչպես հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պիտեր Մինդերը, շվեյցարական Բիլ քաղաքի օդային տարածքում միջադեպը տեղի է ունեցել օդում ոստիկանական հսկողության սովորական գործընթացի շրջանակներում: Նա նշել է, որ այդ միջադեպը որևէ վտանգ չի ներկայացրել ռուսական ինքնաթիռի համար, և շվեյցարական կործանիչի գործողության նպատակը եղել է ինքնաթիռի նույնականացումը: Նրա խոսքերով՝ տարեկան միջինը 100 նմանատիպ ստուգում է անցկացվում Շվեյցարիայում,  ընտրողաբար ստուգվում են նաև դիվանագիտական չվերթները, այդ թվում՝ նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Մինդերն ընդգծել է, որ ռազմական գերատեսչությունը մտադիր չէ միջադեպի առնչությամբ որևէ կոմյունիկե հրապարակել:

Հաշվի առնելով, որ այս միջադեպը տեղի է ունեցել Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, միանգամայն ակնհայտ է, որ այն չի կարող բասացական հետք չունենալ կողմերի միջև հարաբերությունների վրա:

Ավելացնենք, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայում գործողությունների մեջ ներգրավվելուց հետո Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ակտուալ է դարձել օդային թեման: Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն առաջարկել էր, որ ռուս օդաչուները, որոնք մասնակցում են Սիրիայում կատարվող գործողություններին, խոսեն անգլերեն, ինչը, նրանց գործողությունները կհամապատասխանեցնի «անվտանգության միջազգային կանոններին»:


© armedia.am