Ադրբեջանի ու Վրաստանի միջև ռազմավարական համագործակցությունն օրեցօր ամրապնդվում է. Մամեդյարով

15:32     20 հոկտեմբերի, 2015

Ադրբեջանի ու Վրաստանի միջև ռազմավարական համագործակցությունն օրեցօր ավելի է ամրապնդվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Trend-ը:

Ինչպես փոխանցում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդյարով-Կվիրիկաշվիլի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական հարաբերությունները, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում նրանց համագործակցության հարցերը։ «Քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների լայն ասպեկտ և նախանշվել են համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Նախարարների հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև այցելությունների փոխանակման ակտիվ դինամիկայի մասին, ինչին նոր ազդակ կհաղորդի մոտ ապագայում նախագահ Ալիևի Վրաստան կատարելիք այցը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Ալիևը կայցելի Վրաստան նոյեմբերի 6-ին, այցի ընթացքում կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Նախարարների հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել է էներգետիկ ու տրանսպորտային նախագածերի հարցը, որը վերաբերում է հարավային էներգետիկ միջանցքի իրագործմանը։

Էներգետիկ ոլորտ

Վրաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ փոխվարչապետի այցի ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկ նախագծերի իրականացմանն ուղղված կողմերի համատեղ ջանքերին: Ընդգծվել է, որ երկու կողմերը կշարունակեն համագործակցությունը հարավային էներգետիկ միջանցքի ծրագրի իրականացման հարցում:

Որոշ փորձագետներ նշում էին, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև այս ոլորտում համագործակցությունում որոշակի թյուրըմբռնումներ են առաջացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին Թբիլիսին հայտարարեց, որ պատրաստվում է ավելացնել ռուսական գազի ներմուծման ծավալները, ինչը բնականաբար չէր կարող դուր գալ Բաքվին, որը հանդիսանում է Վրաստան գազի հիմնական մատակարարը: Նշենք, որ Թբիլիսիի այս հայտարությունից հետո կայացավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Բաքու, որի նպատակն, ամենայն հավանականությամբ, կողմերի միջև առկա թյուրիմացությունները հարթելն էր:

Հաղորդակցության ոլորտ

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները  քննարկել են նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությունը և ընդգծել են Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքի անխափան աշխատանքի կարևորությունը: Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին: Վրացական կողմը հույս է հայտնել, որ երկաթգիծը կշահագործվի այս տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին՝ ընդգծելով, որ երկաթգծի վրացական հատվածը պատրաստ է շահագործման:

Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերին և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը: Թբիլիսին և Բաքուն հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը:

Նշենք, որ Կվիրիկաշվիլին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և երկրի խորհրդարանի ներկայացուցիչների հետ:

Վրաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Կվիրիկաշվիլի-Ալիև հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում, և կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամական ու ռազմավարական գործընկերությունը:


© armedia.am