Անկախ պետությունների համագործակցությունը ԱՊՀ նախկին ԽՍՀՄ միութենական պետությունների միջպետական միավորում է: Նախկին ԽՍՀՄ պետություններից ԱՊՀ կազմ չմտան միայն Լատվիան, Լիտվիան և Էստոնիան:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ Ռուսաստանի (Բորիս Ելցինը), Բելառուսի(Ստանիսլավ Շուշկելիչ) և Ուկրաինայի (Լենոիդ Կրավչուկ) ղեկավարները Բելառուսում ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր, որը առավել հայտնի է Բելովեժական համաձայնագիր անվանումով:
1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:
2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը ԱՊՀ-ին: Մինչ այդ՝ 2005 թվականի օգոստոսին, Թուրքմենստանը դուրս եկավ ԱՊՀ կազմից՝ ստանալով ասոցացված դիտորդ անդամի կարգավիճակ:
1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը, որի համաձայն համագործակցության հիմնական նպատակներն են.
- փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
- անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում, ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը,
- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն,
- անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը, միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը,
- աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ շփմանը ԱՊՀ-ում,
- փոխադարձ իրավական օժանդակունը և համագործակցությունը իրահարաբերությունների այլ ոլորտներում,
- ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը:
2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքմենստանը հայտարարեց, որմասնակցելու է ԱՊՀ-ին որպես «ասոցացված անդամ»:
Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական մարմինների (պետությունների ղեկավարների խորհուրդ, կառավարությունների ղեկավարների խորհուրդ, արտաքին գործերի նախարարների խորհուրդ, տնտեսական խորհուրդ, պաշտպանության նախարարների խորհուրդ, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ, միջխորհրդարանական վեհաժողով, տնտեսաական դատարան) միջոցով: ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում ճյուղային համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը:
Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների
ղեկավարների խորհուրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող- մարմին է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը: Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկում: 2007 թվականի հոկտեմբերից Գործադիր կոմիտեի նախագահը Սերգեյ Լեբեդևն է:
Կազմակերպության բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների անդամավճարների հաշվին, որը կատարվում է անդամ պետությունների տնտեսության հարաբերական ծանրության համապատասխան:
Նշենք, որ Մոնղոլիան և Աֆղանստանը կազմակերպությունում ունեն դիտորդ երկրի կարգավիճակ: Լիիրավ անդամ դառնալու համար հնարավոր թեկնածուները պետք է կիսեն ԱՊՀ սկզբունքները և նպատակները, կատարեն Կանոնադրությամբ նախատեսվող պարտավորությունները և ստանան անդամ բոլոր երկրների համաձայնությունը:
Կազմակերպության կազմից դուրս գալու համար անդամ երկրները պետք է 12 ամիս շուտ գրավոր տեղեկացնեն իրենց այդ մտադրության մասին:
Ավելացնենք, որ 1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19 ):