Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այս օրերին ընթանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության(ԵԺԿ) կանոնադրական համագումարը:
Համագումարի մասնակիցներին ընդունում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դաուլը, ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսը, մասնակիցների թիվն ավելի քան 3000 է, այդ թվում` 750 պատվիրակներ, 14 պետությունների ղեկավարներ և կառավարության անդամներ ԵՄ և ոչ ԵՄ երկրներից:
Ըստ ԵԺԿ մամուլի հաղորդագրության, մասնակիցների թվում են Անգելա Մերկելը (Գերմանիա), Պեդրո Պասոս Կոելյոն (Պորտուգալիա), Լայմդոտա Ստրաույուման (Լատվիա), Էնդա Քեննին (Իռլանդիա), Նիկոս Անաստասիադիսը (Կիպրոս), Վիկտոր Օրբանը (Հունգարիա) և այլ պետությունների ղեկավարներ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս կմասնակցեն ԵԺԿ համագումարին ու դրա ընդլայնված գագաթաժողովին:
Մադրիդում կայանալիք եռօրյա հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը̦ ով այցի ընթացքում նախատեսում է հանդիպում ունենալ ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոուլի հետ:
Նշենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, ինչպես նաև «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցություններին 2012 թ-ին շնորհվել է դիտորդի կարգավիճակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում:
Համագումարին քննարկվելու են տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր (տնտեսական աճ, զբաղվածության մակարդակ, թվային միասնական շուկա̦ գործընկերություն Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև), արտաքին և անվտանգության քաղաքականության հարցեր (միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքար, հակամարտություններ Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, ծայրահեղականության̦ դեմ պայքար, ահաբեկչություն) և այլն:
Համագումարի արդյունքում պետք է ընտրվի նաև ԵԺԿ նոր նախագահը, ինչպես նաև 10 փոխնախագահ, գանձապահ և գլխավոր քարտուղար: