Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը Համաշխարհային սիոնիստական կոնգրեսին քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես Իսրայելում̦ այնպես էլ ողջ աշխարհում: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետն իր ելույթում պնդել է, որ Ադոլֆ Հիտլերն ընդամենը ցանկացել է տեղահանել հրեաներին, սակայն Երուսաղեմի մուֆթի Հաջ-Ամին Ալ Հուսեյնին համոզել է նրան ոչնչացնել նրանց: Ինչպես գրում է Haaretz-ը, Նեթանյահուն մանրամասն ներկայացրել է Հիտլերի և Ալ-Հուսեյնիի հանդիպումը 1941 թվականի նոյեմբերին` պնդելով, որ հենց այդ հանդիպման ժամանակ Երուսաղեմի մուֆթին համոզել է Հիտլերին հրեաներին տեղահանելու փոխարեն «այրել նրանց», այլապես նրանք կգան Պաղեստին:
Նեթանյահուի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, թեև սա առաջին դեպքը չէ, որ Նեթանյահուն առաջ է քաշում այս վարկածը: 2012 թվականին Ներթանյահուն Քնեսեթում իր ելույթի ժամանակ ևս պնդում էր, որ Երուսաղեմի մուֆթին եղել է «վերջնական որոշում կայացնողներից մեկը»: Առհասարակ, այս վարկածն առաջ է քաշվել Հոլոքոսթը ուսումնասիրող մի քանի պատմաբանների կողմից, սակայն գիտնականների մեծ մասը հերքում է այն:
Իսրայելի ընդդիմության ղեկավար Իցհակ Հերցոգը մեղադրել է Նեթանյահուին պատմությունը խեղաթյուրելու մեջ: «Ես կոչ եմ անում նրան հետ վերցնել իր խոսքերը: Նեթանյահուի հայտարարությունը նվազեցնում է Հիտլերի դերը մեր ժողովրդի սարսափելի ողբերգության մեջ», - ասել է Իցհակ Հերցոգը:
«Պետք է արտաշիրիմել այն 33 771 հրեաներին, ովքեր սպանվել են Հիտլերի և Հուսեյնիի հանդիպումից երկու ամիս առաջ և պատմել, որ նացիստները մտադիր չեն եղել սպանել նրանց»̦ - ասել է իսրայելական ՄԵՐԵՑ կուսակցության ղեկավարը:
Արաբական կողմն էլ իր հերթին մեղադրում է Նեթանյահուին «նացիստական հրեշի զոհերին էժանագին քարոզչության գործիք դարձնելու համար, որի նպատակն է ոչնչացնել խաղաղ համաձայնագրի հնարավորությունը»: Նրանց կարծիքով Նեթանյահուն այնքան է ատում պաղեստինցիներին, որ պատրաստ է նրանց մեղադրել անգամ Հոլոքոստի մեջ: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել հրեաներին «Նեթանյահուին իր տեղը ցույց տալ»: «Նա ցանկանում է փոխել պատմությունը, սակայն մինչ այժմ նրան հաջողվել է միայն փոխել հրեաների պատմությունը», - հայտարարել է Աբասը:
Հայտնվելով քննադատությունների կիզակետում` Իսրայելի վարչապետը ստիպված է եղել մեկնաբանել իր հայտարարությունը: Նեթանյահուն ասել է, որ հայտարարությունն այն մասին, որ նա փորձել է Հիտլերին ազատել Հոլոքոստի պատասխանատվությունից, անհեթեթ են: «Հենց Հիտլերն է պատասխանատու 6 միլիոն հրեաների մահվան համար: Սակայն մուֆթին ևս իր դերակատարումն է ունեցել Եվրոպայի հրեաների ոչնչացման մասին որոշման կայացման գործում: Մենք իրավունք չունենք աչք փակել նրա դերակատարման վրա», - ասել է Նեթանյահուն Բեռլին մեկնելուց առաջ:
Իսրայելի վարչապետի այս սադրիչ հայտարարությունները կարող է ավելի սրել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որն այսօր կանգնել է հերթական ինթիֆադայի կնկնության վտանգի առջև: Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին շարունակվում են գրեթե ամենօրյա բնույթ ստացած ահաբեկչությունները: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցված ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցում է 50-ը: Կողմերին որևէ կերպ չի հաջողվում մեղմել իրավիճակը և կասեցնել բռնությունները: