Մոսկվան և Կիևը քննարկում են ավիահաղորդակցությունը չդադարեցնելու հարցը

13:00     23 հոկտեմբերի, 2015

Ուկրաինան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ երկու երկրների միջև օդային հաղորդակցության հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվավարնին:

Ավելի վաղ Ռուսաստանի պետական ավիացիոն ծառայությունը հայտարարել էր, որ Կիևին առաջարկել է բանակցութուններ սկսել այն բանից հետո, երբ ուկրաինական ավիաընկերությունները դիմել են Մոսկվային ձմեռային շրջանում չվերթները վերսկսելու համար: Ուկրաինական  «Atlasjet Ուկրաինա» ավիաընկերությունը մասնավորապես դիմել էր Մոսկվային ձմեռային շրջանում Կիև-Մոսկվա, Օդեսա-Մոսկվա և Կիև-Սանկտ-Պետերբուրգ չվերթների, իսկ «UTair Ուկրաինա» ընկերությունը՝ Կիև-Մոսկվա և Լվով-Մոսկվա ուղղություններով չվերթների թույլտվության համար:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ավիացիոն «հակամարտությունը» սկսվել է սեպտեմբերին, երբ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն վավերացրել է Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի «Հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին օրենքը», որի արդյունքում Կիևի «սև ցուցակում» են հայտնվել ռուսական մի շարք ավիաընկերություններ: Սրան ի պատասխան՝ սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ ՌԴ տրասպորտի նախարարությունը Ռոսավիացիային հանձնարարել էր Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցագիր ուղարկել առ այն, որ հոկտեմբերի 25-ից նրանց կարգելվի Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը: «Արգելքը կգործի այնքան ժամանակ մինչև ռուսական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված արգելքը չհանվի», - նշում է ռուսական կողմը:

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 25-ից դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը՝ Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից ուկրաինական ավիաընկերությունների թռիչքները սահմանափակելու վերաբերյալ որոշման կապակցությամբ բացատրություններ չներկայացնելու պատճառով:

Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավիահաղորդակցության դադարեցումը ոչ միայն մեծ անհարմարություններ կստեղծի երկու երկրների քաղաքացիների համար, այլ նաև լուրջ ֆինանսական հարված կհասցնի թե ռուսական, թե ուկրաինական ավիաընկերութուններին:

Բացի այդ, սա կհանգեցնի լրացուցիչ լարվածության, որը բացասաբար կանդրադառնա նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա:


© armedia.am