Միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հրապարակային կոչի մերժումն Ադրբեջանի կողմից վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կայացած հանդիպման ժամանակ:
Համանախագահները տարածաշրջան են այցելել քննարկելու երեք հարց՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճը, հակամարտության կարգավորման հարցում համապարփակ լուծումը, վստահության ձևավորման անհրաժեշտությունը:
Նշենք, որ այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մինսկի խմբի անունից մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված՝ մասնավորապես ծանր զենքի օգտագործման հարցերով. «Մեր ուղերձը Երևանում և Բաքվում այն կլինի, որ հարգվի հրադադարը և թուլացվի լարվածությունը»: Ամերիկացի համանախագահը նաև նշել է, որ Բաքուն մերժում է հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման առաջարկը: «Նրանք դեռ չեն ընդունել հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման առաջարկը, և մենք պետք է շարունակենք բանակցությունները, պարզելու, թե ինչպիսին պետք է լինեն այդ մեխանիզմները», - ասել է համանախագահը:
Ըստ Ուորլիքի՝ կողմերի միջև լարվածության թուլացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լինեն ավելի ինտենսիվ: «Նախագահները հանդիպում են մի քանի տարին մեկ՝ մեկ կամ երկու ժամով. սա բավարար չէ։ Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և անդրադառնան այն հարցերին, որոնք կբերեն հակամարտության կարգավորման», ասել է Ուորլիքը։
Նշենք, որ համանախագահների տարածաշրջանային այս այցի նպատակներից մեկը հենց նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ կազմակերպելն է: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու ենք նախագահների հանդիպման օրը և վայրը: Երկու նախագահներն էլ հանձն են առել խորացնել երկխոսությունը և հանդիպման ցանկություն են արտահայտել: Մենք կցանկանայինք այս այցն օգտագործել` որոշելու հանդիպման հավանական օրը և սկսելու հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Ուորլիքը:Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը կանցկացվի մինչև տարեվերջ՝ հավանաբար Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուորլիքը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության համընդգրկուն կարգավորումը հնարավոր չի լինի առանց փախստականների խնդրի լուծման: «Տարածաշրջանում փախստականների ձայնը պետք է լսելի դարձնել: Հարցերից մեկը, որ մենք ցանկանում ենք քննարկել որպես համընդգրկուն կարգավորման մաս, հնարավորությունների ստեղծումն է, որպեսզի փախստականները և ներքին տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց տները»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Նա նաև հավելել է, որ հանդիպումների ժամանակ համանախագահները խնդրելու են երկու երկրների նախագահներին և արտգործնախարարներին համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա իրենք կարող են շարունակել բանակցությունները՝ միևնույն ժամանակ կողմերին կոչ անելով ընդունել շվեյցարական առաջարկը և անցնել կառուցվածքային բանակցությունների:
Հայտնի է, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Իսկ մինչ այդ, Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ: