Այսօր հոկտեմբերի 27-ի սարսափելի հանցագործության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների վրա հարձակման 16-րդ տարելիցն է: 16 տարի առաջ այս օրը, 6 ահաբեկիչ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի բարձրաստիճան ղեկավարներին՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Ահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվել է 8 մարդ։
Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերևարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչներն ազատ են արձակել: Մյուս գերիներին ազատ են արձակել միայն հաջորդ օրը լուսադեմին, երբ ահաբեկիչները հանձնվել են:
ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած զինյալներին գլխավորում էր լրագրող Նաիրի Հունանյանը, ով մյուս ահաբեկիչների հետ միասին դատապարտված է ցմահ ազատազրկման: Սակայն, հարկ է նշել, որ «Հոկտեմբերի 27»-ի՝ մոտ երկու տարի տևած դատավարությունը (2001-2003 թթ.) որևէ կերպ չպատասխանեց հիմնական հարցին՝ ովքե՞ր էին այդ ահաբեկչության կազմակերպիչները: Այս պատճառով «Հոկտեմբերի 27»–ի ողբերգական իրադարձությունները մշտապես եղել են քաղաքական շահարկումների առարկա։ Հանրության մեջ տարբեր կարծիքներ կան տեղի ունեցած ահաբեկչական գործողության առումով, սակայն, մի կողմ թողնելով այն հարցը թե այս ահաբեկչությունը ում էր ձեռնտու, նշենք, որ այն բավականին լուրջ և բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի ինչպես ներքին քաղաքական կյանքի, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա: Ներքաղաքական առումով «Հոկտեմբերի 27-ի» արդյունքում մեծացավ իշխանության և ընդդիմության միջև անվստահությունը: Ժողովրդավարական սկզբունքներով ընտրված խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը ազդեց նաև հասարակության կողմից քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների գնահատականների և ընկալումների վրա՝ իհարկե բացասական առումով:
Արտաքին քաղաքական առումով «Հոկտեմբերի 27»-ը, կազմակերպված լինելով Հայաստանի համար աշխարհաքաղաքական կարևոր ժամանակաշրջանում, բացասական ազդեցություն է թողել Հայաստանի նկատմամբ արտաքին աշխարհի վստահության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա:
Հատկանշական է, որ 2005 թվականի ապրիլին հայտնի սկանդալային նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչության նպատակը ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը կանխելն էր:
Անկախ պատճառներից և մեղավորներից, մեկ բան ակնհայտ է՝ «Հոկտեմբերի 27»-ը հանիդսանում է Հայաստանի նորագույն պատմության ամենալուրջ ցնցումներից մեկը, որն իր հետքը թողեց քաղաքական համակարգի վրա: