Ֆրանսիան հաստատել է «Հյուսիսային հոսք- 2» գազատարի նախագծի նկատմամբ իր հետաքրքրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո, փոխանցում է РИА Новости-ն:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի («Հյուսիսային հոսքի» երրորդ և չորրորդ ճյուղերի) կառուցման մասին համաձայնագիրը բաժնետերերը ստորագրել են սեպտեմբերի սկզբին Վլադիվոստոկում կայացած արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
Նոր կոնսորցիումի կազմի մեջ մտել են «Գազպրոմը», եվրոպական E.ON, Shell, BASF/Wintershall, OMV և ENGIE ընկերությունները: Ընդ որում՝ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», 9 տոկոսը՝ ֆրանսիական ENGIE-ին:
Նախատեսում է, որ 9,9 միլիարդ եվրո արժողությամբ գազատարի երկու ճյուղերը, որոնք ռուսական գազը Գերմանիա են հասցնելու Բալթիկ ծովի հատակով, կունենան 55 մլրդ խոր մ ընդհանուր թողունակություն: Այն կլրացնի արդեն գործող տարեկան 55 մլրդ խոր մ հզորություն ունեցող «Հյուսիսային հոսքին», որն անցնում է Բալթիկ ծովի հատակով և կապում է ԵՄ էներգահամակարգն Արևմտյան Սիբիրի գազի հանքավայրերի հետ:
Նշենք, որ այժմ Ռուսաստանում քննարկում է Եվրոպա գազ հասցնելու երկու նախագիծ՝ «Թուրքական հոսքը» և «Հյուսիսային հոսք-2»-ը:
Փորձագետները նշում են, որ ավելի իրատեսական և շահավետ է «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը: Նախ «Հյուսիսային հոսք 2»-ով երկու կողմն էլ ՝ և՛ ռուսական, և՛ եվրոպական, ակնհայտ հետաքրքրվածություն են ցուցաբերում, այնինչ «Թուրքական հոսքի» դեպքում ոչ միայն չի հաջողվում համաձայնության գալ եվրոպական գործընկերների հետ, ինչպես օրինակ Մակեդոնիայի, որի տարածքով պետք է անցնի գազատարը (վերջինս հետաքրքրված չէ դրա կառուցմամբ, քանի որ երկրում առկա գազատարերը չեն օգտագործվում ամբողջ հզորությամբ), այլ նաև Թուրքիայի հետ, որն ի դեպ նախօրեին հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ ռուսական գազի գնի վերանայման համար:
Հաշվի առնելով մերձավորարևելյան վերջին զարգացումները՝ Թուրքիայի տարածքում գազատարի կառուցումը շահավետ չէ նաև անվտանգության տեսանկյունից: Ֆինանսական առումով ևս «Թուրքական հոսքը» զիջում է «Հյուսիսային հոսք 2»-ին, առաջինի կառուցման համար նախատեսվում է ծախսել 24 մլրդ եվրո, իսկ երկրորդի համար՝ 9,9 մլրդ եվրո: Ընդ որում, «Թուրքական հոսքի» հզորությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խոր մ գազ, այն դեպքում, երբ «Հյուսիսային հոսք 2»-ի իրականացմամբ Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով տարեկան կարող է 100 մլրդ խոր մ գազ մատակարարել Եվրոպա: Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ի երկու ճյուղերի շահագործումը նախատեսված է մինչև 2019 թվականի ավարտը:
Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը, չնայած առանձին եվրոպական երկրների կողմից ստացած աջակցությանը, դեռևս աջակցություն չի գտել Բրյուսելում: Ավելի վաղ այս ամիս կլիմայի և էներգետիկայի հարցրով Եվրահանձնակատար Միգել Արիաս Կանետեն նշել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի բավարարում Եվրամիության գազի մատակարարների և մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման ռազմավարությանը: