Սերբիան դեմ է Կոսովո-ԵՄ ասոցացման համաձայնագրի կնքմանը

23:59     28 հոկտեմբերի, 2015

Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության հարցում Կոսովոն հանդես է եկել մի շատ կարևոր քայլով: Երկրի վարչապետ Իսա Մուստաֆան ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Ստրասբուրգում կնքել է կայունացման և ասոցացման համաձայնագիր, որը պետք է հիմք հանդիսանա առավել սերտ քաղաքական, տնտեսական և առևտրային համագործակցության:

Ըստ գերմանական Deutche Welle-ի՝ Բալկանների ամենաաղքատ երկիրն այժմ պատրաստվում է քայլ առ քայլ իր կանոնակարգերը համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտների հետ: Ի պատասխան դրան՝ Բրյուսելում կարող են թեթևացնել վիզային ռեժիմը կոսովացիների հետ: Բացի այդ, բարեփոխումներին աջակցելու նպատակով Կոսովոյի կառավարությանը մինչև 2020 թ. կհատկացվի 645.5 մլն եվրո:

«Այսօր մենք համաձայնագիր ենք ստորագրում Եվրամիության հետ, որը շատ կարևոր գործընթաց է մեզ համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արդարացնենք այն, ինչ ձեռնարկել ենք», - հայտարարել է Իսա Մուսթաֆան:

Կոսովոն մինչ այս պահը եղել է միակ Բալկանյան երկիրը, որը չի ստորագրել որևէ համաձայնագիր Եվրոպական Միության հետ, իսկ այդ դանդաղ մերձեցման պատճառն իհարկե առաջին հերթին եղել է երկրի խնդրահարույց կարգավիճակը:

Հիշեցնենք, որ 2008 թ.-ին Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից, որը ճանաչվեց  ավելի քան 100 երկրներում: Սակայն ուշագրավ է, որ հինգ ԵՄ անդամ-երկրները՝ Իսպանիան, Ռումինիան, Սլովակիան, Կիպրոսն ու Հունաստանը դեռևս չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Երկրի անկախությունը չեն ճանաչել բնականաբար նաև Սերբիայի իշխանությունները, որոնք խիստ դեմ են եղել ԵՄ-ի հետ կնքած ասոցացման համաձայնագրին:

Ինչպես հայտնում է Forex գործակալությունը,  Սերբիայի կառավարության՝ Կոսովոյի և Մետոխիայի հարցերով զբաղվող վարչության  ղեկավար Մարկո Ջուրիչն այդ առիթով հայտարարել է, որ Եվրամիության հետ Կոսովոյի կնքած համաձայնագիրը ստորագրվել է այլ կերպ, քան ուրիշ ցանկացած երկրի հետ, ինչը վկայում է այն մասին, որ Կոսովոն «ամենևին էլ պետություն չէ»:

Ավելի վաղ, նկատենք, որ սերբական իշխանությունները հայտարարել էին, թե ԵՄ-ն կոչ է անում իրենց ճանաչել Կոսովոյի անկախությունը, հակառակ դեպքում՝ Սերբիան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին: Ըստ Տոմիսլավ Նիկոլիչի՝ Սերբիայի նախագահի, նման հայտարարություն է արել Եվրամիության՝ Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը՝ դեռևս անցյալ տարվա նոյեմբեր ամսին Բելգրադ կատարած իր այցի ժամանակ:

Համաձայն Նիկոլիչի՝ Հաննը հասկացրել էր իրեն, որ Եվրամիությունը չի ցանկանում իր կազմում ընդունել մի երկիր, որն ունի նմանատիպ չլուծված խնդիր, քանի որ ԵՄ երկրների մեծ մասը ճանաչել են Կոսովոյի անկախությունը:


© armedia.am