Հանուն ժողովրդավարության մղած խիզախ պայքարի համար Լեյլա Յունուսն արժանացել է մրցանակի

22:16     30 հոկտեմբերի, 2015

OXI DAY հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին է շնորհել Battle of Crete Award մրցանակը՝ 2015 թվականին հանուն ազատության ու ժողովրդավարության մղած խիզախ պայքարի անվանակարգում: 

Contact.az-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք հավատում ենք, որ Դուք, ինչպես 2012 թվականի հաղթող Աուն Սան Սու Ջին,  իրական խիզախության օրինակ եք։ Ձեր թեկնածությունն այս մրցանակին ներկայացրել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ղեկավար Կարլ Գերշմանը: 

 Մենք հույս ունենք, որ ողջ աշխարհի ուշադրությունը Ձեր և Ձեր ամուսնու անօրինական ձերբակալության հանդեպ այդ ամենին վերջ կդնի, և դուք կմասնակցեք Ձեր պատվին կայանալիք միջոցառմանը»: 

 Մրցանակը հանձնվել է Լեյլա և Արիֆ Յունուսների դստերը՝ Դինարա Յունուսին։ 

 Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ամուսինները դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։


© armedia.am