Օրեր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի «Doing Business» հերթական զեկույցը, որը նկարագրում է երկրում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները: Զեկույցի համաձայն, Հայաստանն այս տարի երեք մակարդակով բարելավել էր իր դիրքերը նախորդ տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով այս տարիների ընթացքում իր համար ամենաբարձր՝ 35-րդ տեղը: Հայաստանի հարևաններից Վրաստանը հայտնվել է 24-րդ, Թուրքիան՝ 55-րդ, Ադրբեջանը՝ 63-րդ, Իրանը՝ 118-րդ հորիզոնականում: Բիզնես սկսելու տեսանկյունից լավագույն երկրների եռյակում են հայտնվել Սինգապուրը, Նոր Զելանդիան և Դանիան, իսկ վատագույն եռյակում՝ Հարավային Սուդանը, Լիբիան և Էրիթրեան:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանն աշխարհում 26 երկրներից մեկն է, որն իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխում, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը։ Մասնավորապես ասվում է, որ Հայաստանում ավելի հեշտ են տրվում շինարարության թույլտվությունները, ինչը ենթադրում է, որ ցածր ռիսկային նախագծերն այլևս չպետք է հաստատվեն անկախ փորձագետների կողմից: Բացի այդ, համաձայն դատական համակարգի նոր օրենքի, վիճարկվող գործերը դատավորներին հասնում են պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով: Սա նշանակում է, որ կրճատվում է կոռուպցիայի ռիսկը՝ նախապես ընտրված դատավորի կողմից գործը վարելու հետ կապված: Եվ, ի վերջո, երրորդ գործոնը, որը Հայաստանի համար զեկույցում ապահովել է դրական տեղաշարժ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետևանքով Ռուսաստանի հետ առևտրի փաստաթղթաշրջանառության ու սահմանային ընթացակարգերի համար նախատեսված ժամանակի ու ծախսերի կրճատումն է:
Բացի վերոթվարկյալ ցուցանիշներից, այս տարվա զեկույցում ասվում է, որ մեր երկիրը զեկույցում ընդգրկված պետությունների շարքում հինգերորդն է՝ բիզնես սկսելու ընթացակարգի դյուրինությամբ: Հատկապես այս նկատառումը մի շարք մեկնաբանությունների արժանացավ և խոսվեց զեկույցի տվյալների և իրականության անհամապատասխանության մասին: Իրականում խնդիրը զեկույցի կազմման չափորոշիչների ընկալման մեջ է:
Տեղեկանք
Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացվող ամենամյա ուսումնասիրություն է, որը գնահատում է 189 երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու պարզության մակարդակը՝ հիմնվելով 11 ցուցիչների վրա: Զեկույցը նվիրված է նորմատիվ ակտերի գնահատմանը, որոնց ամբողջությունը կարգավորում է փոքր և միջին բիզնեսի գործունեության ողջ ընթացքը: Գնահատման հիմք հանդիսացող 11 ցուցիչներ են.
Կազմակերպության ստեղծում
Շինարարություն իրականացնելու թույլտվություն
Էլեկտրամատակարարման համակարգի միացում
Սեփականության գրանցում
Վարկերի ստացում
Ներդրողների պաշտպանություն
Հարկահավաք
Միջազգային առևտուր
Պայմանագրերի կատարման ապահովում
Սնանկության գործընթաց
Անվճարունակության հաստատում:
Եթե փորձենք վերլուծել զեկույցում Հայաստանի կողմից դիրքի բարելավումը ելնելով զեկույցի բնույթից ու հաշվի առնվող ցուցիչներից, ապա զարմանալի ոչինչ չկա, որ Հայաստանն, ըստ զեկույցի, բիզնես սկսելու առումով լավագույն հնգյակում է: Այսինքն, այն մեկնաբանությունները, որ զեկույցը չի արտացոլում իրականությունը զուտ այն պատճառով, որ մեր երկրում բիզնեսով զբաղվելը կամ դրա համար միջոցներ ձեռք բերելը դժվար է, կոռեկտ չեն, քանի որ երկիրը կարող է դիրք բարելավել վերոնշյալ ցուցիչներից թեկուզ մեկի շուրջ բարեփոխում իրականացնելով: Մասնավորապես, Հայաստանի դեպքում դա եղել է ԵԱՏՄ շրջանակում միջազգային առևտրի դյուրացման, շինարարական թույլտվությունների ու դատական համակարգի օրենքի կիրառման շնորհիվ, որոնք համապատասխանում են զեկույցում հաշվի առնվող 11 ցուցիչներից 2, 6 և 8 կետերին:
Այլ է հարցը, որ շատերի կարծիքով զեկույցն ամբողջական պատկերացում չի ապահովում երկրի գործարար միջավայրի մասին, քանի որ մի շարք այլ ցուցիչներ հաշվի չեն առնվում: Սակայն, ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է միաժամանակ դիտարկել տարբեր ցուցանիշներ և ռեյթինգային աղյուսակներ:
Փոխարենը, զեկույցում մի շատ կարևոր փաստ է արձանագրվել, որին արձագանքները, կարծես թե այնքան էլ շատ չեղան: Խոսքը ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում ժամանակի ու այլ ռեսուրսների կտրուկ կրճատումն է, ինչն էլ հանդիսացել է ՀՀ համար 189 երկրների ցանկում դրական տեղաշարժ ապահովող դոմինանտ ցուցիչը և ինչը, փաստացի, հանդիսանում է մեր երկրի համար միությանն անդամակցության դրական կողմերից մեկը:
Որպես ամփոփում նշենք, որ Doing Business հերթական զեկույցը Հայաստանի համար արժեքավոր փաստաթուղթ է, որը կարող է լրացուցիչ ներդրումային հոսքեր ապահովել, առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն իր ԵԱՏՄ գործընկերների համեմատ առաջատար է այս ցանկում: