Համաշխարհային մամուլը Ադրբեջանի ընտրությունների մասին

14:00     4 նոյեմբերի, 2015

Համաշխարհային մամուլը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների` իշխանությունների կողմից կեղծված լինելու փաստերին, Ադրբեջանում տիրող ավտորիտար կառավարման համակարգին, բռնաճնշումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հեղինակավոր Le Figaro թերթն իր` «Ադրբեջանում ընտրություն է. իշխանությունը հաղթեց» վերնագրով հոդվածում նշել է, որ «Ալիևի ռեժիմը հերթական անգամ ժողովրդից խլեց իշխանությունը»:

Թերթը գրում է, որ չնայած ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցնելու մասին  իշխանությունների հավաստիացումներին, ընդդիմադիր և ժողովրդավար ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, «Մուսավաթ» կուսակցությունը և բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հայտարարել են ընտրություններն ամբողջությամբ կեղծված լինելու մասին:

«Սա իշխանության բացահայտ առգրավում է: Ալիևի ռեժիմը հերթական անգամ ժողովրդից խլեց իշխանությունը», -«Ազգային խորհուրդ»-ի հայտարարությունից մեջբերում է կատարել թերթը` նշելով, որ «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժումը հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:

 «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ միջազգային հանրությունը կասկածի տակ է առնում Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, քանի որ ավտորիտար Ադրբեջանում դա ընտրությունների նմանակում էր:

«Նախագահ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հաղթանակել է ընտրություններն ընդիմության կողմից բոյկոտվելու պայմանում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: Նրանք իշխանություններին մեղադրում են շինծու մեղադրանքներով իրենց մրցակիցներին բանտեր նետելու, ընտրական արշավում ընդդիմության հնարավորությունները սահմանափակելու մեջ: 2003 թվականից Ալիևի իշխանության գալուց հետո այդ երկրում անցկացված ոչ մի ընտրություն միջազգային դիտորդները ազատ և արդար չեն գնահատել», -նշել է արաբական հեռուստաալիքը:

Արտասահմանյան մամուլն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ-ը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել այդ ընտրություններին:


© armedia.am